ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families), որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:
Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:

3D մոդելավորման դասընթացների ամփոփում

Վանաձորի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ եռաչափ տպագրության երկամսյա դասընթացի ավարտական արարողությունը, որին մասնակցում էին Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ Ներսես Հայրապետյանը և Թոմ Վիցկեն: Մեր հյուրերը ծանոթացան 3D մոդելավորման դասընթացի մասնակիցների հետ, հետաքրքրվեցին նրանց պատրաստած մոդելներով և վերջում հանձնեցին վկայագրեր։ Նմանօրինակ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը գրադարանների համար նոր հնարավորություն է ստեղծում պատանիների ներգրավման գործում:

Գրադարանի աշխատակիցների այցը Օձուն

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կարինե Հակոբյանի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին Օձունի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։

«Հեքիաթների աշխարհում» ուսուցողական խաղ-վիկտորինա

Մայիսի 7- ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ "Ա" դասարանի աշակերտներին (դասվար `Ռուզաննա Վարդանյան)։ Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին իրենց համար կազմակերպված «Հեքիաթների աշխարհում» ուսուցողական խաղ-վիկտորինային (Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Հ.Ք.Անդերսենի, Գրիմ եղբայրների եւ Ա.Ս. Պուշկինի հեքիաթների թեմաներով)։ Խաղի ավարտին, որում հաղթող էին բոլորը, փոքրիկները դիտեցին «Ոսկե ձկնիկը» մուլտֆիլմը։