Հանդիպում հայ ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ:

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը, գրականագետներ Արտակ Սարուխանյանը, Վալերի Փիլոյանը, Գայանե Մալումյանը, արձակագիր Նարինե Կռոյանը, բանաստեղծներ Ռաֆ Բարաթյանը, Ռուզան Հովասափյանը եւ այլք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Բացման խոսքում Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի աշխատակազմին գրական-մշակութային կյանքի զարգացմանը նպաստող հանդիպում-քննարկումներ կազմակերպելու համար: Կարեւորեց այն հանգամանքը, որ Լոռին գրական հզոր ավանդույթներ ունեցող տարածաշրջան է: Գրականագետ Արմեն Ավանեսյանը ներկայացրեց Խաչիկ Մանուկյանի ստեղծագործական դիմանկարը, նրա բանաստեղծությունների թեմատիկ, տաղաչափական եւ պատկերային առանձնահատկությունները: Բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Խաչիկ Մանուկյանի ստեղծագործության գեղարվեստական արժանիքների մասին:

Բանաստեղծությունների թեմատիկ դաշտի մասին խոսելիս Մ. Միկոյանը կարեւորեց Խ. Մանուկյանի ինքնատիպ մոտեցումները: Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը խոսեց Խաչիկ Մանուկյանի բանաստեղծության հոգեւոր զորության մասին: Բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը եւ արձակագիր Նարինե Կռոյանն ընդգծեցին Խաչիկ Մանուկյանի պոեզիայի կենսական մեծ լիցքը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Նա խոսեց բանաստեղծի հրապարակախոսական ժառանգության մասին: Ըստ բանախոսի՝ բանաստեղծի հրապարակախոսական-քննադատական ժառանգությունը պոեզիայի օրգանական շարունակությունն է: Միջոցառման ընթացքում Խաչիկ Մանուկյանի բանաստեղծություններից ասմունքեց Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի սան Հրաչուհի Լոռեցյանը: Միջոցառման ավարտին Խաչիկ Մանուկյանը եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի աշխատակազմին, խոսեց իր պոեզիայի կենսական ակունքների, հայ ժողովրդի հասարակական քաղաքական կյանքում տեղի ունեցող մերօրյա իրադարձությունների մասին՝ արտահայտելով իր լավատեսական դիրքորոշումը: