ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

1993թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում: Այսպիսով Մամուլի ազատության միջազգային օրը դարձավ ամենամյա հիշեցում այն մասին, որ մամուլի ազատությունը, ինչպես նաև կարծիքի արտահայտման ազատությունը` Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրապնդված հիմնական օրենքներն են:


Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամ 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։
Լոռու մարզային գրադարանն օրվան համահունչ հյուրընկալել էր <<Լոռու մարզ>> թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին և Մարգահովիտի <<Զորավիգ>> թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանին։ Ներկաները հյուրերին ուղղեցին լրագրության և մամուլի ոլորտից իրենց հուզող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ։ Ծավալվեց հետաքրքիր քննարկում։