ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Օձունի եկեղեցի, որտեղ հանդիպեցին Տեր Վրթանես քահանայի հետ։ Վերջինս ներկայացրեց եկեղեցու ստեղծման նախապատմությունը, խոսեց եկեղեցու պատերին պահպանված զարդաքանդակների խորհրդի մասին։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Այսօր, Լոռու մարզային գրադարանի ամերիկյան անկյունը մասնակցեց Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին։ Տոնավաճառի նպատակն էր ապահովել գործատուների կապն ուսանողների և շրջանավարտների հետ։ Գործատուները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց կազմակերպության գործունեությունը և աշխատողների գործառույթները քոլեջի ու բուհի ուսանողներին և շրջանավարտներին։
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում ներկայացրեցինք Լոռու մարզային գրադարանի, ինչպես նաև Հայաստանում գործող 5 ամերիկյան անկյունների (Երևան, Վանաձոր, Գյումրի,Չարենցավան, Կապան) գործունեությունը, մեր ռեսուրսներն և ծառայությունները։

Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families), որը 1993թ. սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, բարգավաճում ժողովուրդը:
Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակության մեջ ընտանիքի կարգավիճակով և նրա նկատմամբ պետության վերաբերմունքով: Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է, այն, ինչի վրա կառուցվում է քաղաքակիրթ հասարակությունը, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը: Ընտանիքի բարեկեցությունը երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ է:

3D մոդելավորման դասընթացների ամփոփում

Վանաձորի ամերիկյան անկյունում տեղի ունեցավ եռաչափ տպագրության երկամսյա դասընթացի ավարտական արարողությունը, որին մասնակցում էին Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներ Ներսես Հայրապետյանը և Թոմ Վիցկեն: Մեր հյուրերը ծանոթացան 3D մոդելավորման դասընթացի մասնակիցների հետ, հետաքրքրվեցին նրանց պատրաստած մոդելներով և վերջում հանձնեցին վկայագրեր։ Նմանօրինակ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը գրադարանների համար նոր հնարավորություն է ստեղծում պատանիների ներգրավման գործում: