Գրադարանավարի օր: Միջոցառումներ

Հոկտեմբերի յոթին գրադարանավարի օրվա կապակցությամբ Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցան միջոցառումներ։ Միջոցառումների շարքը բացվեց երաժշտության ունկնդրումով։ Գրադարանի արվեստի բաժնի ընթերցող, երաժշտության պատմաբան, երաժիշտ Արտյոմ Անդրեասյանը կատարեց Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։

Լոռու մարզային գրադարանում կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Արտյոմ Անդրեասյանն արժանացավ շնորհակալագրի։ Օրվա երկրորդ միջոցառումը նվիրված էր Վանո Սիրադեղյանի գրականությանը։ Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը ներկայացրեց արձակագրի ստեղծագործական դիմանկարը։ Բանախոսը բնութագրեց աշխարհի գեղագիտական ընկալման սիրադեղյանական առանձնահատկությունները, ցույց տվեց Վ. Սիրադեղյանի ստեղծագործության տեղն ու դերը 70_80_ականների արձակի համատեքստում։ Օրվա երրորդ և վերջին միջոցառումը թատերական ներկայացում էր։ ՀԹԳՄ ԼՄ դրամատիկական ստուդիայի սաները և ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները խաղացին ,,Նարցիսը,, ներկայացումը։ Ստուդիայի ղեկավարը և համանուն հեքիաթի հեղինակն Էլֆիք Զոհրաբյանն էր։ Լոռու մարզային գրադարանի հետ ակտիվորեն համագործակցելու համար նա նույնպես գրադարանի կողմից արժանացավ շնորհակալագրի։