ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմի դիտում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմի դիտում եւ քննարկում: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 80-ականների կեսերին հայկական լեռնային մի գյուղում և ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին: Միջոցառումը կազմակերպվել էր համանուն պատմվածքի եւ ֆիլմի սցենարի հեղինակ, արձակագիր Ռուբեն Հովսեփյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ: Ֆիլմի ավարտից հետո գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը խոսեց «Ապրիլ» ֆիլմի եւ համանուն պատմվածքի մասին: Քննարկման ընթացքում ուշադրություն դարձվեց ֆիլմում արծարծված հարցերի արդիականությանը:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-100

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

«Ազգային գրադարանային շաբաթը» Լոռու մարզային գրադարանում ամփոփվեց Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական ցերեկույթով։ Գրադարանի Սպասարկման բաժնի վարիչ Կարինե Սերոբյանը խոսեց Առնո Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Լոռու մարզային գրադարանի Սպասարկման բաժնում տեղի ունեցավ 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը, ընթերցեցին օրվա խորհրդին համահունչ ստեղծագործություններ։
Բացվել էր <<Ղողանջ Եղեռնական>> խորագրով ցուցահանդես։ Աշխատակիցների գեղեցիկ մտահղացմամբ գրադարանի Սպասարկման բաժնում թևում էր Ծիծեռնակաբերդի ոգեկոչող և խորհրդավոր շունչը ...
Ոչինչ չի կարող կոտրել հայի ոգին, ոչ ոք չի կարող հայի մեջ սպանել մշակույթը, ապրելու և արարելու կամքը։

Հանդիպում հայ ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ:

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի հետ: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը, գրականագետներ Արտակ Սարուխանյանը, Վալերի Փիլոյանը, Գայանե Մալումյանը, արձակագիր Նարինե Կռոյանը, բանաստեղծներ Ռաֆ Բարաթյանը, Ռուզան Հովասափյանը եւ այլք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը: Բացման խոսքում Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի աշխատակազմին գրական-մշակութային կյանքի զարգացմանը նպաստող հանդիպում-քննարկումներ կազմակերպելու համար: Կարեւորեց այն հանգամանքը, որ Լոռին գրական հզոր ավանդույթներ ունեցող տարածաշրջան է: Գրականագետ Արմեն Ավանեսյանը ներկայացրեց Խաչիկ Մանուկյանի ստեղծագործական դիմանկարը, նրա բանաստեղծությունների թեմատիկ, տաղաչափական եւ պատկերային առանձնահատկությունները: Բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Խաչիկ Մանուկյանի ստեղծագործության գեղարվեստական արժանիքների մասին: