Գրադարանները մարդկային հոգու բոլոր հարստությունների գանձարաններն են
Գ. Լայբնից

 
Ստ. Զորյանի գրադարանի աղջիկն իր նախատիպն ունի: Դա Ղարաքիլիսայում դեռևս 1915թ. տեղի սակավաթիվ ինտելիգենցիայի կազմակերպած ժողովրդական գրադարանի անխոնջ աշխատակից Վերգինե Մխիթարյանն է:
Գրադարանում ոչ մի վայրկյան չէր դադարում զրույցն ու վիճաբանությունը: Այստեղ էին հավաքվում քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Զրույցներին ակտիվ մասնակցում էր Վերգինե Մխիթարյանը, որը փայլում էր իր ուղղամտությամբ և ուժեղ տրամաբանությամբ:
Ղարաքիլիսայի երկդասյան դպրոցն ավարտելով, նա ամբողջ էությամբ ձգտում էր դեպի լույս ու գիտություն, սակայն ուսումը շարունակելու մասին երազել անգամ չէր կարող:
Ղարաքիլիսայի բնակիչները սիրում և հարգում էին Վերգինեին, հավատում նրա ազնիվ ու ճշմարտացի խոսքին:
Կարելի է ասել՝ չէր սխալվել գրողն իր հերոսուհու նախատիպը փնտրել- գտնելով այս օջախում, ուր ճիշտ սերնդափոխություն է կատարվում:
Վանաձորի մարզային գրադարանը ցայսօր պահպանել է տարիների իր ավանդույթները և շատ-շատերի համար մնում է սիրելի օջախ:

Վերգինե Մխիթարյանի գրադարանի բազայի վրա Սովետական Ղարաքիլիսայում 1927թ. ստեղծվեց քաղաքային գրադարան, որը կազմակերպման առաջին տարում ուներ ընդամենը 5-6 հազար կտոր գրականություն և մի քանի հարյուր բաժանորդ: 1940թ-ին գրադարանն արդեն ուներ 20.000 կտոր գրականություն և մոտ 2000 բաժանորդ: Այդ ժամանակ գրադարանին կից ընթերցարանը օրական սպասարկում էր 100-150 ընթերցողի:
1940թ-ին շահագործման հանձնվեց գրադարանի նորակառույց երկհարկանի շենքը: նոր շենքն ուներ 4 գլխավոր դահլիճներ, որոնցից երկուսը գրադարանի, երկուսը՝ ընթերցարանի համար: Ընթերցարանի դահլիճներից յուրաքանչյուրն ուներ 70-80 ընթերցողի տեղ: Այդ ժամանակ գրադարանի վարիչն էր Ցողիկ Ղազարյանը:
1940թ-ին Կիրովականում գործում էր առանձին մանկական գրադարան, որն ուներ 3450 կտոր գիրք և 720 պատանի բաժանորդ: Մինչև 1940 թվականի փետրվարի 20-ը գրադարանի վարիչն էր Հովհաննես Միքայելյանը, որին փոխարինել է Ամալյա Խաչատրյանը:

Ղարաքիլիսայում դեռեւս 1915թ. տեղի սակավաթիվ ինտելիգենցիայի կազմակերպած ժողովրդական գրադարանի բազայի վրա ստեղծված քաղաքային գրադարանին 1975թ. հաջորդեց գրադարանների կենտրոնացված համակարգը: 1998թ. ԳԿՀ-ի Կենտրոնական գրադարանն անջատվեց համակարգից եւ դարձավ նախ՝ Վանաձորի հանրապետական, ապա՝ Լոռու մարզային գրադարան:

Լոռու մարզային գրադարանն ունի հետեւյալ բաժինները՝
1. Գրադարանային հավաքածուի համալրման բաժին
2. Սպասարկման բաժին իր ենթաբաժիններով (բաժնույթ, ընդհանուր ընթերցասրահ մամուլի ընթերցասրահ)
3. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին
4. Մատենագիտական տեղեկատվության բաժին
5. Արվեստի բաժին
6. Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին
7. Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին
8. Մանկական բաժին
9. Գրադարանային հավաքածուի համալրման բաժին

Լայնամասշտաբ է Լոռու մարզային գրադարանի համագործակցությունը գրադարանի զարգացմանն աջակցող գիտա-կրթական հաստատությունների, հիմնարկների, տեղական կառավարման մարմինների, այլ գրադարանների եւ զանազան հասարակական կազմակերպությունների հետ:
Գրադարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները (Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանային երեկո, մասսայական միջոցառումներ եւ այլն) ուղեկցվում են գրքային հարուստ ցուցահանդեսներով: Բոլոր միջոցառումները լուսաբանվում են տեղական մամուլում, հեռուստաալիքներով եւ ռադիոյով:
Գրադարանի աշխատակիցները ակտիվորեն են մասնակցում գրադարանային աշխատանքների վերաբերյալ կատարվող հանրապետական եւ միջազգային միջոցառումներին(համագումար, գիտական նստաշրջան, խորհրդակցություններ, սեմինարներ եւ այլն) եւ նորություններն անմիջապես ներ են դնում մեր գրադարանում:
Մարզային գրադարանի պատմության մեջ հիշարժան են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսոնի, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպաններ Մարի Յովանովիչի, Ջոն Հեֆերնի, ամերիկացի գիտնական պրոֆեսոր Դենի Բաթրֆիլդի եւ այլոց այցելությունները, որոնց նվիրատվությունների շնորհիվ հարստացել է գրադարանի հավաքածուն:
Ուշագրավ են գրադարանի ալբոմում թողած վերոհիշյալ մարդկանց, ինչպես նաեւ գրողների, արվեստագետների եւ այլ մտավորականների տպավորությունները: