ԳԻՐՔԸ՝ ԲԱԼԱՍԱՆ: ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ

Այսօր՝ ապրիլի 12-ին, մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, որը Հայաստանում նշվում է արդեն 20 տարի: Այս տարվա Ազգային գրադարանային շաբաթը, որ հոբելյանական է, մեր օրերին համահունչ կարգախոս ունի՝ «Գիրքը՝ բալասան»: Գրադարանային գործի բազմաթիվ մասնագետներ հավատացած են, որ գիրքը ամոքիչ է եղել հնուց, բոլոր դժվար ժամանակներում մարդը ապավինել է նաեւ գրքին, հավատացել նրա բովանդակության ուժին, որոշ գրքեր նույնիսկ բարձի տակ են դրվել… Գրադարանները, որտեղ պահվում են գրքերը, նույնպես մեծ դեր են ունեցել, շարժիչ ուժ են եղել հասարակությունների զարգացման, կրթման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները՝ նպատակ ունենալով մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:
Նշենք, որ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանում անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ: Շաբաթվան միացել են Հայաստանի գրեթե բոլոր մարզային, քաղաքային, հանրային, գիտական եւ այլ գրադարանները: Յուրաքանչյուրը յուրովի է նշում տոնական շաբաթը, բայց բոլորի նպատակը մեկն է՝ բնակչությանն իրազեկել բոլոր այն հնարավորությունների մասին, որ ունի գրադարանը: