ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Կինը գրականության մեջ

Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ կանանց միամսյակին նվիրված «Կինը գրականության մեջ» շարքի հերթական հանդիպումը: Այս անգամ գրադարանի հյուրն արձակագիր, բանաստեղծ Նարինե Կռոյանն էր: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը: Նա շնորհավորեց Նարինե Կռոյանին կանանց միամսյակի կապակցությամբ, մաղթեց ստեղծագործական նորանոր հաջողություններ: Հետաքրքիր ու բովանդակալից հարցուպատասխանի արդյունքում արծարծվեցին բավականին կարևոր հարցեր՝ նվիրված գրական երկի արարման գործընթացին, կին և տղամարդ գրողների ստեղծագործական ընդհանրություններին ու տարբերություններին, գրականություն-ժամանակ առնչություններին: Ռաֆ Բարաթյանն ընդգծեց այն փաստը, որ Նարինե Կռոյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, և հարց հղեց, թե արդյո՞ք չեն խանգարում միմյանց գրականությունն ու տնտեսագիտությունը: Նարինե Կռոյանը պատասխանեց, որ դրանք այնքան էլ հեռու չեն իրարից, որովհետև երկուսի հիմքում էլ մաթեմատիկան է (իհարկե, տարբեր ձևերով և չափերով):

«Խավար լույսից առաջ» վեպի քննարկում

Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը: Ներկա էին գրողներ, թարգմանիչներ, ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող անձինք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Նա շնորհավորեց հեղինակին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ վեպն ունի և՛ արժանիքներ, և՛ որոշակի թերություններ: Վերջիններիս առկայությունը բնական է, քանի որ սա հեղինակի ստեղծագործական առաջին լուրջ փորձն է: Պետք է փաստել նաև այն, որ Շուշան Սարյանը՝ իբրև սկսնակ արձակագիր, կարողացել է ստեղծել այնպիսի գեղարվեստական իրականություն, որ առաջին էջերից կլանում է ընթերցողին: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը փաստեց, որ հեղինակն ունի վառ երևակայություն, որ չափազանց կարևոր է արձակագրի և ընդհանրապես ստեղծագործողի համար: Ժամանակների միջով ճամփորդելու հնարին վաղուց են դիմել արվեստագետները: Ի պատիվ Շուշան Սարյանի՝ այս վեպում նորովի է կիրառվել այդ հնարը:

Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկում

Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկումը Լոռու մարզային գրադարանում Մարտի 18-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ հայազգի ամերիկյան արձակագիր, դրամատուրգ Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսների ժողովածուի քննարկումը: Գրքի թարգմանիչն արձակագիր, դրամատուրգ, միջազգային մրցանակների դափնեկիր, սարոյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանն է: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը: Նա շնորհավորեց թարգմանչին և բոլոր սարոյանասերներին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ Էլֆիք Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքը՝ հնարավորինս պահպանելով սարոյանական ոճը: «Ոստրեն ու մարգարիտը» ժողովածուի պիեսները կարդացվում են մեկ շնչով: Չնայած փոքր ծավալին՝ նրանք գաղափարական տեսանկյունից բավականին ընդգրկուն են:

Կինը գրականության մեջ