ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

Ապրիլի 15-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպին նվիրված միջոցառում-քննարկում: Միջոցառմանը ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ, հայ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվող անձինք: Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր: Վերջինս հատուկ ընդգծեց վեպի արդիականությունը, խոսեց կերպարային համակարգի եւ բովանդակության մասին: Սա, ըստ բանախոսի եւ քննարկման մասնակիցների, մի վեպ է, որ ամենայն խորությամբ բացահայտում է թուրքի էությունը: Ներկաները վեպում ընդգրկված իրադարձությունները մեկնաբանեցին մեր օրերի դիրքերից՝ աչքի առաջ ունենալով վերջին շրջանում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Ծավալվեց բովանդակալից քննարկում:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-107

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

«Ամեն ժողովուրդ իր մեջ ունի անսահման գույներ ու երանգներ,- ասել է Սահյանը։ - Սակայն ժողովուրդն այդ գույները չի կարող բացահայտել ինքնուրույն, ամեն մի բանաստեղծ իր ստեղծագործություններով բացահայտում է ժողովրդի մի գույնը։ Մեծ բանաստեղծները՝ Չարենցի պես, կարող են տասը գույն ու երանգ բացահայտել»։
Համո Սահյանի բերած գույներն ու երանգները ինքնատիպ էին և հոգեհարազատ։ Ապրիլի 14-ը մի օր է՝ կարոտով հիշելու հայ քնարերգության երախտավորին՝ վերցնելու նրա ժողովածուներից մեկը եւ վայելելու նրա բանաստեղծական արվեստի պատճառած բերկրանքը: Անվանի բանաստեղծի ծննդյան օրվան էր նվիրված Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում կազմակերպված պոեզիայի ժամը։ Միջոցառման մասնակիցներն էին մեր հավատարիմ ընթերցողները` ՎՊՀ Ռուսերեն լեզվի եւ գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիները։

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

<<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի շրջանակներում այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` նվիրված ԱՊՀ երկրների կազմավորման 30-ամյակին։ Սեմինարը վարում էր ՎՊՀ Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Դավիթ Հակոբյանը։ Վերջինս խոսեց ԱՊՀ կազմավորման և գործունեության մասին։ Ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ։ Շնորհակալ ենք պարոն Հակոբյանին հետաքրքիր ու բովանդակալից սեմինարի համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՀՐԱՇԱԼԻ ԱՇԽԱՐՀԸ

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

Ապրիլի 12-ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը <<Անհաղթ աքլոր>> մանկական մշակութային զարգացման կենտրոնի հետ համատեղ <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի շրջանակներում սաների համար կազմակերպեց <<Գիրքը մեր կյանքում >> խորագրով ուսուցողական միջոցառում։ Գրքին եւ նրա նշանակությանը նվիրված ներածական զրույցի ավարտին փոքրիկները ունկնդրեցին Հ.Ք. Անդերսենի <<Թագավորի նոր զգեստը>> եւ Կ. Չուկովսկու <<Մոյդոդիր>> հեքիաթները։