ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-100

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

«Ազգային գրադարանային շաբաթը» Լոռու մարզային գրադարանում ամփոփվեց Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական ցերեկույթով։ Գրադարանի Սպասարկման բաժնի վարիչ Կարինե Սերոբյանը խոսեց Առնո Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։

Մեծանուն կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները հնչեցին նաեւ Լոռու մարզային գրադարանի դահլիճում: Դաշնամուրային կատարումներով հանդես եկան Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սաներ Նարե Արսենյանը (դասատու` Նարինե Կրիտյան), Կամիլլա Շահվերդյանը (դասատու` Նելլի Զուրաբյան), Մաթիլդա Սիմոնյանը (դասատու` Նարինե Հակոբյան), Ալլա Մխիթարյանը (դասատու` Գայանե Անդրեասյան), կլառնետի նվագակցությամբ` Գագիկ Նազարյանը, Մանե Մեհրաբյանը (դասատուներ` Մարիետա Ամիրխանյան, Էդուարդ Առաքելյան)։ Գրադարանի գրական-թատերական խմբակի սան Անի Տիրացույանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը» և «Ժպտա» երգերը։ Միջոցառումն ամփոփվեց հանճարեղ «Նոկտյուրն» ստեղծագործությամբ։ Ներկաները դահլիճից հեռացան դրական տպավորություններով։