Մենք գործ ունենք իր տեսակով թերևս եզակի ստեղծագործության հետ, և այս գիրքը հասկանալու համար մենք նախ պետք է կանոնակարգենք մեր մոտեցումներն ու ընկալումը։
Կան գրքեր, երբ գրողն ինքը տանում է քեզ իր ետևից՝ առաջնորդի դերն իր վրա վերցնելով, և կան գրքեր, երբ դու մենակ ես մնում ընթերցելիս։ Գրողը չի պարտադրում իր ներկայությունը։ Այստեղ գործ ունենք հենց ա՛յս դեպքի հետ։ Այս գրքում ճանապարհն ի՛նքդ պիտի հաղթահարես։ Ընթերցանությունը անօգուտ կլինի, քանի դեռ չես գտել ստեղծագործության ենթատեքստը բացելու բանալիները։ Ի՞նչ ենք հասկանում սա ասելով։ Ողջ ստեղծագործությունը այլաբանություն է՝ հմտորեն փոխկապակցված սիմվոլներով, կամ՝ խորհրդանիշներով։ Քանի դեռ փակ են սիմվոլները, չեն բացվի միտքն ու ասելիքը, իսկ գիրքը ծածուկ կպահի իր հմայքն ու մոգական խորհուրդը։
Հիմնական և ամենաառաջնային գաղափարն այս ստեղծագործության մեջ սերունդների հակասությունն ու համատեղ կենսակերպն է։ Պատանի Դուգլասը արթնանում է պապիկի աշտարակում։ Առջևում ամռան երկարատև օրերն են, իսկ կյանքը հավիտենական հեքիաթ է թվում։ Աշտարակն այստեղ խորհրդանշում է ավագ սերնդի բարձունքն ու կարևորությունը, նրանց բազմաթիվ գործերն ու ձեռքբերումները այս արևի ներքո։ Նահապետների սերունդը հոգևոր և նյութական կառույցներ ունի, սա բացարձակ ճշմարտություն է, իսկ պապիկը ավագ՝ ծերացող սերնդի խորհրդանիշն է։ Դուգլասը հետևում է, թե ինչպես է արթնանում քաղաքը։ Մարդկանց կյանքն է շարունակվում համատեղ գոյակցության մեջ։