Մայիսի տասին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի պոեզիային նվիրված միջոցառում։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ գրադարանի աշխատակիցներ։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Բացման խոսքում նա նշեց, որ այս միջոցառման նպատակը Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական դիմանկարի մասին որոշակի պատկերացում ձևավորելն է ընթերցողների մոտ։
ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Ռաֆ Բարաթյանի գրական առանձնահատկությունների մասին՝ կարևորելով գրքից գիրք աճ գրանցելու հանգամանքը։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը նշեց, որ Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական աշխարհը բավականին գրավիչ է։ Դա պայմանավորված է նաև հեղինակի ինքնատիպ ոճով։ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասան, դրամատուրգ, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը խոսեց Ռաֆի հետաքրքիր ու բարդ պատկերամտածողության մասին։ Նա նշեց, որ Ռաֆ Բարաթյանը կարողանում է խոսել պատկերներով։ Բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանն անդրադարձավ Ռաֆ Բարաթյանի պոեզիայի թեմատիկ առանձնահատկություններին։
Ռաֆի պոեզիան արժևորեց նաև ՎՊՀ_ի դասախոս Կարինե Սիրադեղյանը։ Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը խոսեց Ռաֆ Բարաթյանի՝ բանաստեղծական փոքր տարածության մեջ մեծ ասելիք տեղավորելու հմտությունների մասին։ Նա նշեց, որ Ռաֆն ունի արտաբանաստեղծականը բանաստեղծականացնելու մեծ հմտություն։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ։ Ռաֆ Բարաթյանի «Մեղայածես» ժողովածուից բանաստեղծություններ կարդացին ՀԹԳՄ ԼՄ դրամատիկական ստուդիայի սաները (ղեկավար՝ Էլֆիք Զոհրաբյան)։
Երաժշտական կատարումներով հանդես եկավ ՎՊՀ-ի «Երաժշտական կրթություն» բաժնի ուսանողուհի Գրետա Հովսեփյանը։ Նա կատարեց «Բալլադ զինվորի մասին» և «Լուսամփոփի պես աղջիկ» ստեղծագործությունները։
Միջոցառման ավարտին Ռաֆ Բարաթյանը շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսներին և բոլոր հյուրերին իր ստեղծագործությունը գնահատելու և արժևորելու համար։