Մարտի 22-ին Լոռու մարզային գրադարանում մեկնարկեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքը։ Առաջին միջոցառումը նվիրված էր ֆրանսիական պոեզիային։ Բանախոսը՝ Լոռու մարզային գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը, համառոտ պատմական ակնարկի միջոցով ներկայացրեց ֆրանսիական պոեզիայի ծագման և զարգացման ընթացքը, անդրադարձավ գրական պարբերափուլերին։
Հատուկ անդրադարձ կատարվեց Ֆրանսուա Վիյոնի, Պիեռ դը Ռոնսարի, Կլեման Մարոյի, Նիկոլա Բուալոյի, Ալֆոնս դը Լամարթինի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Արթյուր Ռեմբոյի և այլոց ստեղծագործություններին։ Միջոցառման մասնակիցները տվեցին տարբեր հարցեր՝ կապված ֆրանսիացի պոետների գրական նախասիրությունների, կենսագրական հանգամանքների, ստեղծագործական գործունեության հետ։
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև հայ-ֆրանսիական գրական առնչություններին։