Եղիշե Չարենց -125

Մարտի տասնվեցին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում։ Բանախոսը Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանն էր։ Նա ներկայացրեց Եղիշե Չարենցի «Երկու սոնետ» պոեմը, որ ոչ այնքան հայտնի է լայն շրջանի ընթերցողներին։

Բանախոսը նշեց, որ Ե. Չարենցն այս ստեղծագործությունը գրել է՝ երբևէ տպագրված տեսնելու հույս չունենալով, և այդ հանգամանքը նրան ստիպել է լինել ավելի անկեղծ, ասել այն ինչ չի ասվել ընթերցողներին առավել հայտնի ստեղծագործություններում։ Արդի հայ հասարակական-քաղաքական կյանքի անորոշությունն ու տագնապայնությունն ստիպում են հայացք նետել չարենցյան ժամանակաշրջանին։ Պատմական զուգահեռները, անցյալի յուրովի «վերադարձը» ցույց են տալիս Չարենցի պոեմի արդիականությունը։ Գ. Մալումյանն անդրադարձավ նաև պոեմի խորհրդանշական և փոխաբերական պատկերներին, մեկնաբանեց դրանց թաքնագրային շերտերը, պատմեց ուշագրավ դեպքեր Ե. Չարենցի կյանքից, խոսեց ստալինյան բռնությունների, գրական-մշակութային սխեմատիզմի և Չարենցի՝ դրանց դեմ մղած պայքարի մասին։
Միջոցառման ավարտին գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց Գայանե Մալումյանին հետաքրքիր ու բովանդակալից վերլուծության համար։ Նա նշեց, որ Ե. Չարենցի գրականությունը բացառիկ է իր ընդգրկունությամբ, բարձր գեղարվեստականությամբ և հզոր էներգետիկայով։ Այն մի յուրօրինակ «հանրագիտարան» է, որ կարող է գաղափար ստեղծել գրական ամենատարբեր ուղղությունների, ժանրերի, տաղաչափական ձևերի, պատկերակերտման սկզբունքների մասին։