Մարտի տասին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսուցիչներ, արվեստագետներ։Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզային գրադարանի աշխատակից Լուսինե Հովասափյանը։ Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը բացման խոսքում շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով անսահման սեր և երջանկություն, արևշատություն և խաղաղություն։
Լոռու մարզային գրադարանի գրական-թատերական խմբակի անդամ, դերասանուհի Հրաչուհի Լոռեցյանն ասմունքեց Հովհաննես Շիրազի և Ռուզան Հովասափյանի բանաստեղծություններից։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև երաժշտական համարներ։ ՎՊՀ-ի «Երաժշտական կրթություն» բաժնի ուսանողուհի Լուսինե Պեպանյանը հանդես եկավ «Ով հայոց մայրեր» (խոսքը՝ Գարեգին Ապարանցու, երաժշտությունը՝ Սրբուհի Քեքեջյանի) և «Դուն իմ մուսան ես» (Աշուղ Շերամ) երգերի կատարումներով։ Սպիտակի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» Սպիտակի մասնաճյուղի վարիչ, ՎՊՀ_ի «Երաժշտական կրթություն» բաժնի ուսանողուհի Լամարա Հաջյանը կատարեց «Վալս Շոպենի ոճով» (Մերիկանտո) և «Պար» (մշակումը՝ Լուսինյանի) ստեղծագործությունները։ ՎՊՀ-ի «Երաժշտական կրթություն» բաժնի ուսանողուհի Հասմիկ Գալստյանը կատարեց «Սիրո մեղեդի» (խոսքը՝ Արտեմ Սարգսյանի, երաժշտությունը՝ Աիդա Ավետիսյանի) և «Մախմուր աղջիկ» (խոսքը՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի) ստեղծագործությունները։ Նվագակցում էր մի շարք մրցույթների դափնեկիր, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի դասախոս Սյուզաննա Փոթինյանը։ Նույն քոլեջի ուսանող Արտյոմ Պապիկյանը կատարեց Շուռովսկու «Ռոմանս» ստեղծագործությունը (դասախոս՝ Սուրեն Գրիգորյան, նվագակցող՝ Լաուրա Շիրոյան)։ Դաշնամուրային կատարումներով հանդես եկավ «Առնո Բաբաջանյանի հիշատակին» միջազգային հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ, արվեստի պատմաբան Արտյոմ Անդրեասյանը (Ստենլի Մայերս - «Կավատինա», Առնո Բաբաջանյան - «Պրելյուդ», «Էքսպրոմտ»)։ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի ուսանող Գագիկ Նազարյանը կատարեց Ռոբերտ Պետրոսյանի «Կոնցերտային պիես» ստեղծագործությունը (դասախոս՝ Սուրեն Գրիգորյան, նվագակցող՝ Լաուրա Շիրոյան)։
Միջոցառման ավարտին Կ. Մանուչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մաղթելով անամպ երկինք և խաղաղ ու ներդաշնակ կյանք։