Խորեն Աբրահամյանն ասել է . . .

Լավը չտեսնելը նույնքան վտանգավոր է, ինչքան, ասենք երբ որ վատը չես տեսնում կամ չես ուզում տեսնել:

Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ:

Շատ երկար ճանապարհ եմ անցնել, կողքից կարող են ինձ նայել ու ասել բախտը բերել է, բախտը բերե՞լ, չկա այդպիսի բան: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում վազվզել եմ:

Ռաբիսն էլ միատեսակ չի լինում, երգ կա, որ լսում ես ասում ես կեցցես, որ էս երգը երգում ես: Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ» երգը, որ լսում եմ, հուզվում եմ:

Հայի համար հայհոյանքը, դա ռուսի հայհոյանքը չի, ամերիկացու հայհոյանքը չի:

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…

Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է:

Պետք է լինել ազնիվ ամեն ինչում, հատկապես՝ արվեստում, այլապես լավ մարդ լինել չես կարող:

Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն:

Առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի:

Եթե դերը պլաստիկ լուծում չունեցավ, դեր չէ:

Խնդիրներին ազգովի նայեք, որ բոլորիս առաջ են, ոչ մեկս թող չմտածի սա իմ գործը չէ, ես գնամ տուն և այլն: Խնդիրներ կան որ ազգին է վերաբերում, ոչ մեկը չպիտի իրեն հեռու պահի այդ խնդիրներից:

Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են:

Միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:

Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:

Արվեստում իմ առաքելությունն է մարդկանց զգուշացնել, որ թույլ չտան իրենց խաբել.

Իմ մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա:

Մեծ սիրտ պետք է ունենաս, որ ժողովրդի հետ խոսելու համար կյանքդ տաս, չխնայես կյանքդ: