Եղիշե Չարենց

Ապրիլի 22-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը։ Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, արվեստասեր անձինք։

Բանախոսը Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանն էր։ Նա ներկայացրեց հետաքրքիր դրվագներ Չարենցի կենսագրությունից՝ ցույց տալով գրականություն-կյանք առնչությունները։ Գ.Մալումյանը խոսեց «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածան», «Երկիր Նաիրի», «Գիրք ճանապարհի» և այլ երկերի մասին։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը խոսեց Չարենցի «Տաղարան» ժողովածուի մասին։ Նա ներկայացրեց իր նոր հոդվածը՝ նվիրված «Տաղարան»-ի ոճային առանձնահատկություններին, Սայաթ-Նովա-Չարենց ընդհանրություններին։
Միջոցառման ավարտին ծավալվեց ակտիվ քննարկում Չարենցի երկերի, Չարենց-Սայաթ-Նովա ընդհանրությունների, տեքստային տարակերպ առնչությունների շուրջ։