Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մուսաների ծառաներ» շարքը , որի շրջանակներում գրադարանը պարբերաբար կհյուրընկալի վանաձորցի հայտնի մշակույթի գործիչներին և արվեստագետներին։
Նախաձեռնության մեկնարկը տրվեց այսօր. Գագիկ Աղաբաբյանը գրադարանի առաջին հյուրն էր։
Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ասացին և հուշերով կիսվեցին երգիծաբան, դրամատուրգ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հակոբյանը, Վանաձորի թիվ 5 ՆՈՒՀ-ի տնօրեն Անահիտ Փոլադյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Սոֆյա Սողոմոնյանը։ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի դասատու Գայանե Անդրեասյանը հանդես եկավ դաշնամուրային կատարմամբ։ Հնչեցին պարոն Աղաբաբյանի ստեղծագործություններից։ Նրա մասին հետաքրքիր հուշեր պատմեցին կինը` տիկին Կարինե Սերոբյանը և դուստրը` Տաթև Աղաբաբյանը։ Ավարտին իր շնորհակալական խոսքն ասաց Գագիկ Աղաբաբյանը։