Գագիկ Եթիմյանի «Մեծ Ղարաքիլիսա (1900-1925 թվականներ)» գրքի շնորհանդեսը

Գագիկ Եթիմյանի «Մեծ Ղարաքիլիսա (1900-1925 թվականներ)» գրքի շնորհանդեսը Լոռու մարզային գրադարանում Մարտի վեցին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Եթիմյանի «Մեծ Ղարաքիլիսա (1900-1925 թվականներ)» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը հեղինակի՝ Ղարաքիլիսայի պատմության ուսումնասիրման շարքում երկրորդն է: Առաջինը լույս է տեսել 2002 թվականին՝ պատմաբան Սասունիկ Վիրաբյանի համահեղինակությամբ: Այն ընդգրկում է Ղարաքիլիսայի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1900 թվականը: Երկրորդ գիրքն ընդգրկում է համեմատաբար կարճ, բայց պատմաքաղաքական իրադարձություններով գերհագեցած ժամանակահատված: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող, Վանաձորի պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջիվան Սարգսյանը: Գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը բացման խոսքում նշեց, որ գիրքը շատ կարևոր փաստեր է բացահայտում մեր քաղաքի մասին: Այս աշխատությունից կարելի է եզրակացնել, որ քաղաքի մարդկանց բնավորության գծերը գրեթե չեն փոխվել մեկ դարի ընթացքում: Մենք, ինչպես այն ժամանակ, դարձյալ միամիտ ենք, պարզ, ինչ-որ առումով՝ չեզոք, բայց դժվար պահերին կարողանում ենք համախմբվել և պայքարել միասնաբար: Ջիվան Սարգսյանը մեջբերեց արձակագիր Ստեփան Զորյանի խոսքերը մեր քաղաքի մասին. «Մեծ չի մեր քաղաքը, բայց սիրուն է. մի կողմը անտառ է, մյուս կողմը՝ սարեր, ետևը՝ սարեր, առաջը՝ սարեր, ու էդ սարերի ու անտառի արանքում- մեր քաղաքը: Երեք կողմից էլ ջրեր են գնում խշշալով, երբ գիշերը, քաղաքի քնած ժամանակ, դուրս ես գալիս դուռը՝ ամեն կողմից ջրի խշշոց է լսվում…»:

Ջիվան Սարգսյանը նշեց, որ «Գագիկ Եթիմյանը ներկայացնում է մեծանուն գրողի բնութագրած ոչ մեծ, բայց սիրուն քաղաքի պատմությունը»: Նա պատմաբանին մաղթեց ամուր առողջություն, որպեսզի շարունակի ուսումնասիրել քաղաքի պատմությունը: Գագիկ Եթիմյանը ողջունեց ներկաներին, տեսասահիկների միջոցով ներկայացրեց գրքի կառուցվածքը, խոսեց ուսումնասիրության առանցքային կետերի մասին: Նա նշեց, որ աշխատությունը նվիրված է Վանաձորին քաղաքի կարգավիճակ տալու 200-ամյակին: Թեպետ Ղարաքիլիսան այն ժամանակ ունեցել է ընդամենը 500-600 բնակիչ, բայց չի բացառվում, որ ինչ-ինչ քաղաքական նպատակներով իշխանությունները համարել են քաղաք՝ հաշվի առնելով նաև աշխարհագրական դիրքը: Հեղինակը հակիրճ անդրադարձավ նաև առաջին գրքին, դրա ստեղծման գործում բարձր գնահատեց համահեղինակ Սասունիկ Վիրաբյանի վաստակը: Նրա ելույթի հետագա հատվածը նվիրված էր Ղարաքիլիսայի պատմության տարբեր դրվագները ներկայացնող լուսանկարների մեկնաբանությանը: Նա պատմաբանի խոր դիտողականությամբ առանձնացնում էր յուրաքանչյուր նկարի դետալները, համադրում էր փաստերը և հանգում որոշակի եզրակացությունների: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում հատկապես այն նկարը, որտեղ պատկերված մարդիկ, ըստ հեղինակի, սպասում են Խրիմյան Հայրիկին: Նկարում չեն երևում հոգևորականներ: Նրանք ամենայն հավանականությամբ գնացել են դիմավորելու կաթողիկոսին, իսկ մյուսներն սպասում են: Ուշագրավ էր նաև Ղշլաղում ուղտերի քարավան պատկերող նկարը: Ամենայն հավանականությամբ այդ քարավանն Արևելքից ապրանքներ էր բերում: Հեղինակը հատուկ անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմական մեծ ողբերգությանը, գաղթականների խնդիրներին: Նշեց, որ տեղացիները հիմնականում օժանդակել են գաղթականներին, քաղաքի մեծահարուստները նրանց տրամադրել են ապաստաններ: Բայց երբեմն եղել է նաև հակառակը. տեղացիները վեճեր են հրահրել և վատ են վերաբերվել գաղթականներին: Հեղինակը լուսանկարներով ներկայացրեց նաև քաղաքի տեսարժան վայրերը՝ Թայիրովների, Աղաբաբյանների ամառանոցները, Օսեփանց կամուրջը, Բոլոր քարը, Ռոտոնդի մշակույթի տունը: Նախորդ դարասկզբի մեծահարուստների բարեգործություններին անդրադառնալիս Գագիկ Եթիմյանը ցանկություն հայտնեց, որ ժամանակակից հարուստները նույնպես աչքի ընկնեն ազգօգուտ գործերով: Հատուկ անդրադարձ կատարվեց Ղարաքիլիսայի ճակատամարտին, որ բավականին հանգամանորեն մեկնաբանված է գրքում: Հեղինակը խոսեց հատկապես աշխարհազորայինների անձնազոհ պայքարի մասին: Թյուր է այն կարծիքը, թե Ղարաքիլիսայի ճակատամարտում կռվել է միայն կանոնավոր բանակը: Վիթխարի էր այս ճակատամարտի պատմաքաղաքական նշանակությունը: Թուրքերի բռնակալության շրջանը նույնպես հանգամանորեն ներկայացված է գրքում: Նրանք այստեղ մնացել են մոտ վեց ամիս, բայց, ինչպես վկայում են ժամանակակիցները, նրանց հեռացումից հետո առնվազն հիսուն տարի էր պետք ավերածությունների հետքերը վերացնելու համար: Քաղաքի՝ գրքում ներկայացված ժամանակշրջանի մտավորականության մասին խոսելիս Գագիկ Եթիմյանն առանձնացրեց Տեր Խորեն քահանա Խանզադյանի, քաղաքի առաջին ռուսական դպրոցի տնօրեն Գեորգի Ջինանյանի և արձակագիր Ստեփան Զորյանի անունները: Իր խոսքի վերջում հեղինակը քաղաքի պատմության թանգարան ստեղծելու ցանկություն հայտնեց: Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական, պատմաբան Արման Բերնեցյանը կարևորեց «Մեծ Ղարաքիլիսա» գրքի լույսընծայումը մի քանի առումներով: Յուրաքանչյուր անհատ պետք է իմանա իր անցյալը, առերեսվի նրան, որ հասկանա, թե որտեղից է գալիս և ուր է գնում: Այդ տեսանկյունից էլ ժամանակակից ցանկացած վանաձորցու համար կարևորվում է քաղաքի պատմությունը: Այս գրքում նոր շունչ է հաղորդված քաղաքի հայտնի վայրերին: Իր խոսքի վերջում Արման Բերնեցյանը Գագիկ Եթիմյանին հանձնեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորագիրը: Գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ առանձին քաղաքների, գյուղերի մասին գրվող պատմական աշխատությունների նշանակությանը: Նա փաստեց, որ նախկինում էլ գրվել են մեր քաղաքի մասին աշխատություններ, բայց դրանցում, կարելի է ասել, բացակայում էր մարդը: Գագիկ Եթիմյանը պատմաքաղաքական իրադարձությունների կենտրոնում դնում է ղարաքիլիսեցի մարդուն՝ անդրադառնալով նրա հոգեկերտվածքին, բնավորությանը, հատկանիշներին: Ամատունի Վիրաբյանը շնորհավորեց հեղինակին ու ընթերցողներին գրքի լույսընծայման կապակցությամբ: Նա նշեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել նաև հաջորդ հատորի ստեղծմանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «Վան Արյան» հրատարակչության տնօրեն, արձակագիր Վիլյամ Պողոսյանը: Նա անդրադարձավ գրքի պատմաքաղաքական և մշակութային նշանակությանը: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը պատրաստակամություն հայտնեց օգնելու հեղինակին Ղարաքիլիսայի պատմության հերթական հատորի ստեղծման գործում: Քանի որ նոր գրքում ներկայացվելիք ժամանակահատվածի սկիզբը համընկնում է քաղաքում լրագրության սկզբնավորմանը, Մանվել Միկոյանը կարող է այդ ոլորտին նվիրված արժեքավոր նյութեր տրամադրել: Բանաստեղծը նշեց նաև, որ տարիներ առաջ գրել է Աբովյանների և Թայիրովների տոհմերին նվիրված ակնարկաշարեր, որոնք նույնպես կարող են օգտակար լինել քաղաքի պատմությունն ուսումնասիրողին: Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը նշեց, որ մեծ պատիվ է խոսել իր դասախոսի գրքի մասին: Նա անդրադարձավ գրքի պատմամշակութային արժեքին, նշեց, որ թանգարանի դռները բաց են բոլոր հետազոտողների առաջ: Մենք սիրում ենք մեր ծննդավայրը, և Գագիկ Եթիմյանի գիրքը դրդում է հետահայացի, ստիպում է ճանաչել ակունքները: Գրադարանի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը կարևորեց Գագիկ Եթիմյան հետազոտողի օբյեկտիվությունը և սուր դիտողականությունը: Պատմաբանը կարողանում է իրադարձություններն ուսումնասիրել մի քանի հայեցակետերով: Եթե փաստերի համադրությունը նրան հանգեցնում է այս կամ այն պետական գործչի մասին բացասական եզրակացությունների, նա չի խորշում դրանք ընթերցողին փոխանցելուց: Նույն կերպ է վարվում նաև ղարաքիլիսեցու հոգեբանական տիպը ներկայացնելիս. Դրականի կողքին նշում է նաև բացասականը: Սա օբյեկտիվ պատմագիտության գլխավոր սկզբունքն է, որին ողջ շարադրանքի ընթացքում հավատարիմ է մնացել Գագիկ Եթիմյանը: Կարեն Մանուչարյանը հակիրճ անդրադարձավ գրքի տարբեր հատվածներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես Տեր Խորեն քահանա Խանզադյանի անտիպ հոդվածին, Ղարաքիլիսայի ճակատամարտի լուսաբանմանը և քաղաքի մտավորականությանը ներկայացնող հատվածին: Նա հանգեց այն եզրակացությանը, որ ընթերցողի սեղանին է դրված մի հնարավորինս օբյեկտիվ ուսումնասիրություն, որտեղ քննված պատմաքաղաքական իրադարձությունների կենտրոնում ղարաքիլիսեցի մարդն է՝ իր դրական ու բացասական հատկանիշների հանրագումարով: Միջոցառումն ուներ նաև գեղարվեստական մաս: ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը հանդես եկավ Ղարաքիլիսային նվիրված երգերի կատարմամբ: Միջոցառման ավարտին Գագիկ Եթիմյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց գրքի ստեղծման գործում աջակցություն ցուցաբերած բոլոր մարդկանց, օրվա բանախոսներին, հյուրերին և գրադարանի տնօրինությանը՝ այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար: