Հոկտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում կայացավ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, գրադարանի աշխատակից Ռաֆ Բարաթյանի «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Տաթև Սարդարյանը։ Նա առաջնախոսքում ընթերցեց գրքի խմբագիր և հովանավոր, ամերիկաբնակ բանաստեղծ Ավիկ Դերենցի առաջաբանը։
Այնուհետև հնչեց Ռաֆ Բարաթյանի խոսքերով գրված «Լոռու մարզային գրադարանի հիմնը (կոմպոզիտոր՝ Հայկուհի Հակոբյան, կատարողներ՝ «Բիայնա» երգչախմբի սաներ և Լոռու մարզային գրադարանի երգչախումբ, խմբավար՝ Սերգեյ Հարությունյան)։
Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա խոսեց Ռաֆ Բարաթյանի մարդկային և պոետական նկարագրի մասին։ Առօրյայում իր պարզությամբ աչքի ընկնող Ռաֆը պոետական տողերում դրսևորվում է հոգու անընդգրկելի հարստությամբ։ Նրա տեքստը բարդ է, ինչ-որ առումով՝ ծանր, բայց աչքի է ընկնում պատկերամտածողության ինքնատիպությամբ և գեղեցկությամբ։
Ռաֆ Բարաթյանի բանաստեղծություններն իր ձայնով գունավորեց և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գրականագետ Լուսինե Սահակյանը։ Նա փաստեց, որ պոեզիան առավելագույն անկեղծության տարածություն է, և Ռաֆն իր բանաստեղծական տողերում դրսևորվել է ներաշխարհի ամբողջականությամբ։
ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Ռաֆ Բարաթյանի անցած բանաստեղծական ուղու մասին։ Առաջին գրքերում Ռաֆն առավել հակված էր վեռլիբրին։ Բանաստեղծություններն ունեին աֆորիստիկ բնույթ և փիլիսոփայական խոր լիցք։ Վերջին շրջանում Ռաֆի պոեզիայում գերիշխում են հանգավոր բանաստեղծությունները։ Այդ տարածություններում նոր խոսք ասելն ավելի բարդ է, բայց բանաստեղծը քայլ առ քայլ հաջողում է նաև այստեղ։ Մանվել Միկոյանը շնորհավորեց հեղինակին գրքի լույսընծայման կապակցությամբ, մաղթեց ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
ՀԳՄ նախագահության անդամ, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն Վան Արյանը փաստեց, որ Ռաֆը չմոռացվող բանաստեղծությունների հեղինակ է։ Նրա գեղարվեստական մտածողությունը հակված է շարունակական նորարարությունների։ Բանաստեղծն անհրաժեշտաբար կոտրում է մտածողության ավանդական ձևերը։ Դա նկատելի է հատկապես բառաստեղծումներում։ Ռաֆը շատ հաճախ ոչ թե նոր բառ է ստեղծում, այլ ծանոթ բառին հաղորդում է նոր իմաստ։ Սա նույնպես բառակերտման հետաքրքիր եղանակ է։ Վան Արյանն անդրադարձավ նաև «ինչ»-ի և «ինչպես»-ի հարաբերություններին։ Գեղարվեստական արժանիքները գնահատելիս առավել կարևորվում է «ինչպես»-ը։ Ռաֆի պոեզիան ամբողջությամբ ապահովում է «ինչպես»-ի թարմությունը։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը փաստեց, որ օր օրի զարգանում է Ռաֆ Բարաթյանի բանաստեղծական մտածողությունը։ Ռաֆի բանաստեղծություններում յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրենը։ Թերեզա Շահվերդյանն անդրադարձավ նաև նորաբանություններին, «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքից բերեց նորաբանությունների օրինակներ։
Հաղորդավար Տաթև Սարդարյանն ընթերցեց Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի գրական-գեղարվեստական խորհրդի անդամ Գայանե Անտինյանի խոսքը․ «Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը նախաձեռնել է «Պոետիկ երկուշաբթիներ» նախագիծը, որի նպատակն է ճանաչելի դարձնել արդի բանաստեղծներին և ներկայացնել նրանց պոեզիան։ Ինձ՝ որպես պոեզիայի թատրոնի գրական-գեղարվեստական խորհրդի անդամի վստահված է ներկայացնել Լոռվա ժամանակակից պոետներին։ Առաջնահերթության սկզբունքով կազմված հնգյակում, որը գլխավորում է Հրաչյա Սարուխանը, իր հաստատուն տեղն ունի նաև Ռաֆ Բարաթյան բանաստեղծը»։
Լոռու մարզային գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը խոսեց «Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքի կառուցվածքի և բանաստեղծական արվեստի մասին։ Նա հանգամանորեն ներկայացրեց քնարական անհատի անցած ճանապարհը, խոսեց գրքի առանձին բաժինների տրամաբանական փոխհաջորդումների մասին։
Գրադարանի աշխատակից, «Մարգահոիվիտի Զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանն իր շնորհավորական խոսքը հղեց Ռաֆին․ «Սրտանց շնորհավորում եմ 11-րդ հոգեզավակիդ ծնունդը, ցանկանում, որ «Նռնաքարի հետքից» մինչև «Խրամատի սրտագիր» քո «Մեղայածեսը», «Մենապարը», «Չուն» իրենց հետ միշտ «Արևագալ» բերեն»։
Ռաֆ Բարաթյանը եզրափակիչ խոսքում խոսեց գրքի ստեղծման պատմության մասին։ Նա շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի տնօրինությանը, օրվա բանախոսներին և բոլոր ներկաներին այս շնորհանդեսն իրական տոնի վերածելու համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև հայ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների տեսաուղերձները։ Այսպես՝ տեսանյութի ձևաչափով հնչեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի, բազում մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանի, բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Դավիթ Միքայելյանի, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի շնորհավորական խոսքերը։
Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով։ «Մայրս աշխարհն է շալակած տանում» և «Դու երկիրս տուր, ես երկինքդ տամ» շարքերի բանաստեղծությունների հիման վրա ներկայացվեց փոքրիկ բեմադրություն (մտահղացումը՝ «Բեհեմ» կամերային թատրոնի տնօրեն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հարիքնազ Բաղդասարյանի, կատարողներ՝ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի գրական-ստեղծագործական խմբակի սաներ, մասնաճյուղի ղեկավար՝ Սուսաննա Ապրեսյան)։
«Ինձ նկարել եմ ներկայիս վրա» գրքի «Ընծայաբույլ» բաժնի «Վանաձորի թիվ մեկ դպրոցին» և «Դու երկիրս տուր, ես երկինքդ տամ» բանաստեղծություններն ասմունքեցին Վանաձորի թիվ 1 դպրոցի սաներ Եվա Տեր-Պողոսյանը և Տաթև Մալումյանը (ուսուցիչ՝ Լուսինե Կոստանյան):
Դանիելա Մելիքյանի կատարմամբ հնչեց Ռաֆ Բարաթյանի խոսքերով գրված «Մայրիկ» երգը (դաշնակահար՝ Տաթևիկ Բեկչյան)։
Ցուցադրվեց Վանաձորի ՄԻԳ ռադիոընկերության գործադիր տնօրեն, հաղորդավար Ռոբերտ Բալայանի ասմունք-տեսանյութը, որ ներկայացնում էր Ռաֆի՝ հայ անվանիներին նվիրված բանաստեղծությունները։
