Ապրիլի չորսին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Կարոտի կանչով» խորագրով միջոցառում՝ նվիրված վաստակաշատ մանկավարժ, «Վիրավոր նռնենի» գրքի հեղինակ, ինքնուս երգահան Էմմա Անտոնյանի ստեղծագործական գործունեությանը։
Միջոցառումը վարում էր Վանաձորի Պոեզիայի թատրոնի սան Էմմա Ղամբարյանը։ Նա բացման խոսքում նշեց, որ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի ավետման օրն է, որը հայոց ազգային տոնացույցում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։ Այս միջոցառումը կազմակերպվել է ապրիլի յոթին ընդառաջ։
Օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Նա կարևորեց Էմմա Անտոնյանի օժտվածությունը, բազմաբնույթ ստեղծագործական գործունեությունը և մաղթեց նորանոր հաջողություններ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը։ Նա նույնպես ընդգծեց այն հանգամանքը, որ Էմմա Անտոնյանը բազմաժանր ստեղծագործող է և ունի հետաքրքրությունների լայն շրջանակ։
Վանաձորի Պոեզիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը նշեց, որ կան այնպիսի միջոցառումներ, որտեղ խոսելը և՛ շատ հեշտ է, և՛ դժվար։ Այդպիսին է նաև այս միջոցառումը։ Էմմա Անտոնյանը վաղուց մշակութային աշխարհում հաստատել է իր ներկայությունը։ Ջիվան Սարգսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Էմմա Անտոնյանը մշակութային ընտանիքի ներկայացուցիչ է։ Միշտ չէ, որ մանկավարժը ծավալում է այսպիսի բազմաբնույթ գործունեություն։ Էմմա Անտոնյանը, ունենալով այսքան շնորհներ, առանձնանում է նաև իր համեստությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի խմբավար, պրոֆեսոր Սերգեյ Հարությունյանը, «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանը։ Նրանք նույնպես ընդգծեցին Էմմա Անտոնյանի օժտվածությունը, աշխատասիրությունն ու համեստությունը։
Հաղորդավար Էմմա Ղամբարյանը հընթացս ներկայացրեց դրվագներ Էմմա Անտոնյանի կենսագրությունից և ստեղծագործական գործունեությունից։
Միջոցառումը հագեցած էր նաև Էմմա Անտոնյանի խոսքերով և երաժշտությամբ ստեղծված երգերի կատարումներով։
Երաժշտական կատարումներով հանդես եկան աշուղ-բանաստեղծ, «Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միության նախագահ Աշոտ Դալլաքյանը («Շուշի»), Հայկ Եղիազարյանը (դասատու՝ Արմինե Վիրաբյան, «Թող բացվեն վարդեր»), «Հորովել» երգի-պարի համույթի մեներգչուհի Արփինե Մամյանը և Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը («Դու հերոս տղա»),
Վանաձորի թիվ 4 դպրոցի և Voise երգի ստուդիայի (ղեկավար՝ Վարազդատ Հովհաննիսյան) սաներ Նատալի Սեդրակյանը, Կամիլա Նասիբյանը և Լիլիթ Բադալյանը («Դու կանչում ես», խոսք և երաժշտություն՝ Էմմա Անտոնյանի, գործիքավորումը՝ Արթուր Ղազարյանի), Սուսաննա Ջաղինյանը («Վերադարձիր», նվագակցող՝ Արման Եղիազարյան), ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը («Ղարաքիլիսա»)։
Միջոցառման ավարտին Էմմա Անտոնյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով։