Թատրոնի միջազգային օր

Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր «Գրականություն և թատրոն․ առնչակցություններ» խորագրով քննարկում։
Գրադարանը հյուրընկալել էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանին, գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանին, դերասաններ Արամայիս Սարգսյանին, Արամ Մխիթարյանին, Էդգար Քոչարյանին, Գայանե Մեսրոպյանին, Հերիքնազ Բաղդասարյանին։


Ներկա էին նաև աշակերտներ, ուսուցիչներ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ, արվեստասեր անձինք։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Նա մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց հյուրերին, մաղթեց ստեղծագործական նորանոր նվաճումներ, կարևորեց թատրոնի դերը սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։
Կարեն Մանուչարյանը խոսեց թատրոնի համադրականության մասին։ Նա նշեց, որ թատրոնը ներառում է մյուս բոլոր արվեստները, և ցանկացած արվեստագետ այս կամ այն կերպ պետք է ուսումնասիրի թատերական մշակույթը։
Լուսինե Սահակյանը խոսեց Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախագծերի մասին, հանդիպմանը ներկա դպրոցականներին ներկայացրեց ռեժիսորական և դերասանական աշխատանքների առանձնահատկությունները։ Նա նշեց, որ անկախ տեխնիկական առաջընթացից՝ թատրոնը և գրականությունը միշտ պահպանելու են իրենց դերը։
Աշակերտների և ուսանողների հետ հետաքրքիր զրույց ծավալեցին դերասաններ Արամայիս Սարգսյանը, Արամ Մխիթարյանը, Էդգար Քոչարյանը, Գայանե Մեսրոպյանը, Հերիքնազ Բաղդասարյանը և ռեժիսոր Սարգիս Մանուկյանը։
Նրանք սիրով պատասխանում էին աշակերտների հարցերին։ Դերասանները ներկայացրին բեմական կերպարի կերտման բարդությունները, իսկ ռեժիսորը՝ դերաբաշխման, ներկայացման ստեղծման, գրական տեքստի բեմական «վերափոխման» աշխատանքները։
Ռեժիսոր Սարգիս Մանուկյանի հետ ծավալված քննարկումը բավականին բովանդակալից էր։ Քննարկմանը մասնակցեցին գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը, հանրային կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Լուսինե Հովասափյանը, ուսանողները, աշակերտները։
Ամփոփիչ խոսքում Կարեն Մանուչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց թատերային արվեստի առաջնայնությունը ժամանակակից մշակութային կյանքում։ Նա ուրախությամբ փաստեց, որ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մեծ ուշադրություն են դարձնում հայ և համաշխարհային գրականությանը, հմուտ դասախոսների օգնությամբ զարգացնում են վերլուծական հմտությունները։ Դրանք իրենց առաջնային նշանակությունն ունեն կերպարի զգացողության գործում։