Դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ Լոռու մարզային գրադարանում
Հունվարի 16-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։ Միջոցառումը կազմակերպվել էր Լոռու մարզային գրադարանի և ՀԳՄ Լոռու բաժանմունքի համագործակցությամբ։ Ներկա էին արվեստագետներ, դասախոսներ, գրադարանի ընթերցողներ, ուսանողներ։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։
Օրհնության խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։ ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Սամվել Խալաթյանի բազմաոլորտ գրական գործունեության մասին։ Նա ընդգծեց այն փաստը, որ Ս․ Խալաթյանը ստեղծագործել է տարբեր գրական ժանրերով, խոսեց խալաթյանական երգիծանքի ինքնատիպության մասին, պատմեց հետաքրքիր հուշեր։ Արձակագիր, բանաստեղծ Նարինե Կռոյանը ներկայացրեց Ս․ Խալաթյանի ստեղծագործության ժանրային համակարգը, կարևորեց նրա դերն արդի հայ գրական կյանքում։Երգիծաբան, դրամատուրգ Գագիկ Անտոնյանը հանգամանորեն ներկայացրեց Ս․ Խալաթյանի մարդկային կերպարը և գրողական նկարագիրը։ Նա ընդգծեց Ս․ Խալաթյանի նախանձելի աշխատասիրությունը, օբյեկտիվությունը, գրողի նուրբ ճաշակը և ինքնատիպ հումորը։ Քանդակագործ, ազգագրական երգերի կատարող Բոգդան Հովհաննիսյանը պատմեց հետաքրքիր ու զվարճալի հուշեր, որոնք ամբողջացրին Ս․ Խալաթյանի կոլորիտային նկարագիրը։ Նա հանդես եկավ նաև երաժշտական կատարմամբ։ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ, հեքիաթագիր, դերասան, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը խոսեց Ս․ Խալաթյանի դրամատուրգիայի ժանրակազմի մասին, նշեց, որ գրականագիտական հոդվածներում քանիցս անդրադարձել է Ս․ Խալաթյանի պիեսներին։ Դրանք կարևոր նշանակություն ունեն ժամանակակից հայ դրամատուրգիայի համաբնագրում և աչքի են ընկնում երգիծանքի տարբեր տեսակների հմուտ կիրարկումներով։ Ս․ Խալաթյանի մասին հետաքրքիր հուշեր պատմեցին նաև նրա ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Բալայանը, գեղանկարիչ Փափագ Ալոյանը։ «Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միության նախագահ Աշոտ Դալլաքյանը խոսեց Ս․ Խալաթյանի մարդկային բարձր որակների մասին, ներկայացրեց հետաքրքիր դրվագներ դրամատուրգի հետ ունեցած հանդիպումներից։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Սամվել Խալաթյանի գրական գործունեությունն ու մարդկային նկարագիրն ամփոփող տեսանյութեր։ Ընթերցվեց ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանի խոսքը՝ նվիրված Խալաթյանի հիշատակին։
Կարեն Մանուչարյանն ամփոփիչ խոսքում ընդգծեց, որ Սամվել Խալաթյանը և՛ կյանքում, և՛ գրական երկերում միշտ պահպանել է լավատեսական հայացքը, անգամ ծանր իրադարձությունները ներկայացրել է նուրբ և ինքնատիպ հումորով։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Սամվել Խալաթյանի որդին՝ Մհեր Խալաթյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, օրվա բանախոսներին և միջոցառման կազմակերպիչներին Սամվել Խալաթյանի գրական գործունեությունն ու մարդկային կերպարն արժևորելու համար։