Ալբերտ Մուշեղի Մկրտչյան

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին նվիրված միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկաներն ընթերցեցին և դիտեցին նրա ֆիլմերից տարբեր հատվածներ, խոսեցին կինոռեժիսորի կյանքի և ստեղծագործության մասին։

Ալբերտ Մկրտչյանը (ծնվ. 1937 թ.) կինոյի և թատրոնի ռեժիսոր է, ՀՀ ժողովրդական արտիստ: 1960 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական, 1971 թ-ին` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտները: 1960–66 թթ-ին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թ-ից` Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–99 թթ-ին` Գյումրիի դրամատիկական, 2000 թ-ից` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար: 1980–2001 թթ-ին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր` 1995 թ-ից), 2001 թ-ից` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Լավագույն կինոնկարներից են` «Հուշարձան» (1971 թ., կարճամետրաժ), «Կյանքի լավագույն կեսը» (1979 թ., ՀՀ Պետական մրցանակ` 1981 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1985 թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ` 1985 թ.), «Ուրախ ավտոբուս» (2000 թ., ՀՀ Պետական մրցանակ` 2000 թ.) և այլն, որտեղ Մկրտչյանը շոշափել է սոցիալ-բարոյական արդիական խնդիրներ: Նրա բոլոր կինոհերոսներն ունեն ընդգծված ազգային նկարագիր, բանաստեղծական են և հուզական:
Մկրտչյանը թատրոնում բեմադրել է Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գարսիա Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ:
Մկրտչյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (2000 թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007 թ.) մեդալներով: