Թերմինե Մանուկյանի «Աշնանային շշուկներ» գրքի շնորհանդես

Երեք ամիս առաջ էր , երբ մեզ մոտ' գրադարանում,  շատ հարազատ ու հաճելի հանդիսատեսի ներկայությամբ նշեցինք ամերիկաբնակ բանաստեղծուհի  Թերմինե Մանուկյանի «Աշնանային շշուկներ» գրքի շնորհանդեսն ու քննարկեցինք մյուս 7 գրքերը։ Բազմաբովանդակ ստեղծագերծություններ, համարձակ խոսք, կարոտ հայրենի եզերքների հանդեպ, սեր ու թախիծ, հայրենիք ու ընտանիք...Ահա այն հիմնական թեմաները, որ Թերմինե հայուհուն դարձրել են սրտացավ այնպիսի բանաստեղծուհի, ում ստեղծագործություններին անդրադարձել ու բարձր են գնահատել Գևորգ Քրիստինյանն ու Հովհաննես Շիրազը։


Ծնունդով Լոռեցի Թերմինե Մանուկյանի գրքերին նվիրված գեղեցիկ ու բովանդակալից քննարկում ունեցանք Լոռու մարզային գրադարանում, որտեղ իրենց անմիջական մասնակցությունն ունեցան տնօրեն Կարինե Հակոբյանը և գրադարանավարուհիները։ Նրանք ոչ միայն բարձր գնահատեցին բանաստեղծուհու պոեզիան, այլ նաև նրանցից շատերն անգամ շատ լավ էին հիշում իրենց ստեղծագործող ու տաղանդավոր հայրենակցուհուն' դեռ երիտասարդ տարիներից։ Դիտեցինք ու լսեցինք տաղանդավոր լոռեցի, բանաստեղծ Հայկազ Քոթանջյանի պատրաստած հոլովակները և վայելեցինք ռադիոյ֊ ստերեո ստուդիայի հաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանի ասմունքն ու խոսքը։ «Արվեստագետ» ՀԿ-ի հիմնադիր Իվան Անտոնյանը ևս հանդես եկավ գեղեցիկ ասմունքով և հետաքրքիր խոսքով, որի ավարտն էլ ավելի անակնկալային էր. Թերմինե Մանուկյանը «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ ֊ի կողմից  պարգևատրվեց «Հովհաննես Թումանյան֊150» հուշամեդալով։

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը, ով, բարձր գնահատելով բազմաբնույթ միջգրադարանային կապն ու համագործակցությունը, իր գրադարանային նվիրաբերությունն արեց Լոռու մարզային գրադարանի ֆոնդին. այն է՝ 23 միավոր նոր գրականություն (Հեղնար Ավագյան, Նորա Ահարոնյան, Աստղիկ Սահինյան, Ագնես Գևորգյան, Մարիամ Թարվերդյան , Աննա Գևորգյան, Յուրի Սահակյան և ուրիշներ), որից հետո պատվոգրերով պարգևատրեց «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ ֊ի ղեկավար Իվան Անտոնյանին և Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին։
Հետաքրքիր օր ու պատկառելի գնահատական է այսպես ամեն օր ձևավորվում մեր շուրջը, մեր աշխատանքային և գրական աշխարհում։ Գնահատականներ, որ տալիս են տաղանդավորներին ու մշակույթի նվիրյալներին։
Շնորհակալ ենք մեր սիրելի գործընկերներին այցելության և գրքերի նվիրատվության համար։ Փոխադարձ այցելություններն ու համագործակցությունը շարունակական են։