Ընթերցողին ենք ներկայացնում հայ լրագրող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն» հիմնադրամի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի երեք գրքերը:

Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք:
2021 թ. լույս է տեսել լրագրողի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը:

Այս հատորը առաջին անգամ լույս է տեսել 2008-ի ամռանը և անցնող 12 տարիներին ունեցել 8 հրատարակություն հայերենով, այդ թվում՝ արևմտահայերեն/մեսրոպյան ուղղագրություն, ռուսերենով, անգլերենով, թուրքերենով և արաբերենով: Ընդհանուր առմամբ, այս գիրքը ունեցել է 7.000 օրինակ տպաքանակ:

Նախորդ՝ 3-րդ հրատարակությանը ավելացվել է երեք նոր գլուխ, որոնք ընդգրկում են 2011-ից 2020 ժամանակաշրջանը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը: Արևելահայերենի կողքին, կարճ ժամանակում, գիրքն ունեցավ ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն/մեսրոպյան ուղղագրությամբ, թուրքերեն և արաբերեն թարգմանություններ, ընդհանուր` 7 հրատարակություն:

Սա գրքի հայերեն չորրորդ և բոլոր լեզուներով ութերորդ հրատարակությունն է:
Հայերեն վերջին` 2011-ի հրատարակության հետ համեմատ, երեք նոր գլուխ է ավելացվել, որոնք ընդգրկում են 2010-ից մինչև 2020-ը` 44-օրյա պատերազմը ներառյալ: Ինչպես ինքը հեղինակն է ասում.  «44-օրյա պատերազմը ներկայացրել ենք հակիրճ, քանի որ դեպքերը շատ թարմ են և ժամանակ ու պրպտուն աշխատանք է պետք ամբողջովին հասկանալու, թե ինչու և ինչպես հնարավոր եղավ մի քանի շաբաթում կորցնել այն, ինչ ձեռք էինք բերել մի քանի տարիների ընթացքում և պահել ավելի քան 25 տարի, ինչու և ինչպես ընկավ անառիկ համարվող Շուշին և բազում այլ հարցեր: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմը առանձին ուսումնասիրության, առանձին հատորի նյութ է»:
Իսկ ահա ս.թ. լույս տեսած «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորը հեղինակի օրագրությունն է 2020-ի 44-օրյա պատերազմի մասին՝ ռեպորտաժի ժանրով, ինչպես նաև 2016-ից մինչև այսօր լրագրողի հրապարակումները արցախյան հակամարտության մասին: