«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արեւելք» վեպը: Գերմաներենից թարգմանությունը, վերջաբանը եւ ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի:
Հեսսեն «Ուխտագնացություն Արեւելքը» գրել է 1930-1931-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Աշոտ Ալեքսանյանի բնորոշմամբ՝ գերժամանակակից այս առասպելապատումի թեման հոգեւոր մարդու մեկուսացումն է եւ նրա անձնական կյանքն ու գործը վերանձնական գաղափարին, համայնքին ծառայեցնելու գիտակցումը.

«Ընթերցողը միանգամից տեսնում է, որ Ուխտագնացությունը բոլորվին էլ դեպի Արեւելք տեղի չի ունենում, սա հոգու Արեւելքն է, այսինքն, աստվածային հավատքի հիմքը, որ միշտ Արեւելքից է եկել Եվրոպական քաղաքակրթություն: Իհարկե, սա այդ ուղեւորությունն է, բայց սա նաեւ ինքնախորասուզում է, ինքն իր մեջ ճանապարհորդություն: Սահմաններն են հետաքրքիր այս վեպի, ամբողջ գործողությունը տեղի է ունենում պատմական Շվաբիա երկրամասում, որն ընդգրկում է Գերմանիայի, որոշ չափով Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի մի հատվածը, այս երկրամասում է Հեսսեն ծնվել, մեծացել, կյանքի մեծ մասը ապրել, այստեղ է ձեւավորվել որպես գրող»:

Ինչու՞ ուխտագնացություն: Խոսելով վերնագրի ընտրության մասին՝ թարգմանիչը նշում է, որ բուն գերմաներենով «ճամփորդություն» է, ֆրանսերեն, անգլերեն եւ շատ այլ լեզուներով նույնպես ճամփորդություն է թարգմանվել, բայց իմաստը ուխտագնացությունն է:

«Չնայած վեպում հեղինակը խոսում է իր հավատի կորուստներից, կասկածներից, իրականում այս ստեղծագործության մեջ առաջին անգամ դնում է ոչ թե իր անհավատության, այլ հավատքի հարցը: Գրքի վերջում՝ դատավարության ժամանակ տեսնում ենք, որ ինքն իրեն դատում է որպես ինքնադատապարտյալ, թեեւ դատավարությունն ուրիշ մարդ է իրականացնում: Սա հավատաքնչության պատմություն է, ոչ թե անհավատության, եւ իր հավատը այս հավատաքնչությունից վեր էր,- ասում է թարգմանիչը: Աշոտ Ալեքսանյանը նաեւ նշում է, որ դա կրոնական հավատ չէ, այլ հավատ է կյանքի հավերժության, ավելի բարձրի զգացողություն ունենալու, ավելի վեհ գաղափարներով առաջնորդվելու:

«Ես կարծում եմ, որ այս գործը նախապատրաստեց անցումը դեպի «Հուլունքախաղի» կաստիլիական ուխտը, որտեղ տվեց հասարակության կազմակերպման նոր ձեւը, ապագա հասարակարգի իր իդեալը, եւ այդ իդեալը հիմնված էր հավատի վրա»:

Վեպը կրում է իր մեջ նաեւ առաջին աշխարհամարտի մղձավանջը: «Կարդում ես ու զգում, թե ազդակները որտեղից են գալիս: Քարավանը, որ գնում էր դեպի Արեւելք, լցված էր անցյալի գանձերով, ասպետական ժամանակների պատմություններով, նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ավերածություններով, ա՛յ, դրանք էին խեղաթյուրել իր հավատը»,- ասում է թարգմանիչը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս վեպին դեռ հաջորդելու էր երկրորդ համաշխարհային պատերազմը՝ նշում է, որ առաջին կամ երկրորդ չկար, դա մի պատերազմ էր, պարզապես արանքում որոշակի դադար եղավ.

«Հեսսեն դա հասկացել էր: Շվեյցարացի գրող Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» վեպի առիթով Հեսսեն ասել է, որ եթե հարյուր 1000 հոգի կարդար Վալզեր, այդ պատերազմը տեղի չէր ունենա (Վալզերն անհայտ էր աշխարհին մինչեւ 70-ականները, երբ նորից վերահայտնաբերվեց): Հեսսեն ինքն էլ Վալզերից էր ազդված այդ առումով, եւ իր գործերում արդեն իսկ տվել էր ֆաշիզմի ծագման ամբողջ գաղափարախոսությունը»:

Իսկ ինչո՞ւ «գերժամանակակից առասպելապատում»: Թարգմանիչը պարզաբանում է՝ վեպում բարձրացվում է խնդիր, երկընտրանք, որ առկա է բոլոր ժամանակներում: Ինչպես վեպում է նշվում. «Դեպի Արեւելք ուխտագնացության երթը կար եւ եղել է միշտ, տարբեր ժամանակների մեջ տարբեր երկրներում»...