«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոսը՝ Փոլ Շելդոնը, ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից եւ տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլեւ բանտապահն ու խոշտանգողը։

Լոռու մարզային գրադարանը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Դեսպանատան Ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին գրքերի նվիրատվության համար։

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արեւելք» վեպը: Գերմաներենից թարգմանությունը, վերջաբանը եւ ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի:
Հեսսեն «Ուխտագնացություն Արեւելքը» գրել է 1930-1931-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Աշոտ Ալեքսանյանի բնորոշմամբ՝ գերժամանակակից այս առասպելապատումի թեման հոգեւոր մարդու մեկուսացումն է եւ նրա անձնական կյանքն ու գործը վերանձնական գաղափարին, համայնքին ծառայեցնելու գիտակցումը.
«Ընթերցողը միանգամից տեսնում է, որ Ուխտագնացությունը բոլորվին էլ դեպի Արեւելք տեղի չի ունենում, սա հոգու Արեւելքն է, այսինքն, աստվածային հավատքի հիմքը, որ միշտ Արեւելքից է եկել Եվրոպական քաղաքակրթություն: Իհարկե, սա այդ ուղեւորությունն է, բայց սա նաեւ ինքնախորասուզում է, ինքն իր մեջ ճանապարհորդություն: Սահմաններն են հետաքրքիր այս վեպի, ամբողջ գործողությունը տեղի է ունենում պատմական Շվաբիա երկրամասում, որն ընդգրկում է Գերմանիայի, որոշ չափով Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի մի հատվածը, այս երկրամասում է Հեսսեն ծնվել, մեծացել, կյանքի մեծ մասը ապրել, այստեղ է ձեւավորվել որպես գրող»:

Ընթերցողին ենք ներկայացնում հայ լրագրող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն» հիմնադրամի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի երեք գրքերը:

«Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը:

«Գիտանք» հրատարակչությունը լույս է ընծայել իռլանդուհի գրող Մարտինե Մադենի «Անուշ. արգելված սիրո պատմություն» վեպը (Martine Madden, Anyush, 2014):
Վեպը պատմում է առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքական բանակի սպայի և գյուղացի հայ աղջկա սիրո մասին: Հազվադեպ վեպերից է, որի հեղինակը հայ կամ թուրք արմատներ չունեցող իռլանդուհի է, որը նախկինում անտեղյակ էր հայերի ցեղասպանությունից, պատահմամբ լսել է դրա մասին և սրտի կանչով գրել է սիրո պատմություն, որի ցնցող բովանդակությունը շատ ավելի հուզական ու ակնառու է դարձնում պատկերացումը թուրքերի կատարած ոճրագործության մասին, քան հարյուրավոր չոր պատմական փաստերը: