Նարինե Կռոյան-60

Հունիսի 24-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված արձակագիր Նարինե Կռոյանի ծննդյան 60-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին գրողներ, ԼՄԳ աշխատակիցներ, մշակույթի գործիչներ։ Ներկաներն իրենց շնորհավորանքներն ուղղեցին Նարինե Կռոյանին, խոսեցին վերջինիս ստեղծագործության և մարդկային բարձր հատկանիշների մասին։


Արձակագիր Նարինե Կռոյանը ծնվել է 1961թ. հունիսի 18-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1978թ. ավարտել է Կիրովականի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը` զուգահեռաբար ավարտելով նաև Շ.Տալյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, իսկ 1985թ.` Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը` ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ): Տնտեսագիտության տեսություն է դասավանդում ՀՀ Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում և Վանաձորի պետական համալսարանում, տնտեսագիտության թեկնածու է։ Հրատարակվել են նրա «Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար» (2010թ.), «Ճարճատուկի ծաղիկը» (2011թ.), «Շների համաստեղությունը» (2012թ.), «Ցեցի դեղը» (2014թ.), «Դառնածիններ» (2014թ.) գրքերը: 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նրա պատմվածքներն ու վիպակները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում, ինչպես նաև տարբեր գրական ալմանախներում։ 2011թ. և 2013թ. արժանացել է Օրանժ Արմենիա ընկերության և Հայ գրքի կենտրոնի «Օրանժ գրքի մրցանակ»-ի։ 2012թ. «Անքնություն» պատմվածքի համար արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակի։ 2013թ. «Ցեցի դեղը» պատմվածքի համար արժանացել է «Անտարես» հրատարակչության «Արձակ 2013» մրցանակի։