Պարը՝ որպես հոգու և մարմնի ներդաշնակություն
Պարի միջազգային օրվա առթիվ Լոռու մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ տեղի ունեցավ ինքնատիպ միջոցառում: «Յան» պարային ստուդիայի սաներն ու հրավիրյալ մասնագետները պարուսույց Սոխակ Մելքոնյանի գլխավորությամբ գրադարանային միջավայրին հաղորդեցին նոր շունչ և էներգիա: Միջոցառման առանցքային և ամենահետաքրքիր հատվածներից մեկը բանախոսների ելույթներն էին: Յուրաքանչյուր մասնակից պարին նայեց իր մասնագիտական «պրիզմայով»՝ բացահայտելով դրա բազմաշերտ ազդեցությունը մարդու կյանքում. Արմինե Մանուչարյանն (բժշկուհի-թերապևտ) անդրադարձավ պարի առողջարարական կողմին՝ նշելով, որ այն ֆիզիկական ակտիվության լավագույն ձևերից է: Պարը ոչ միայն բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, այլև բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսն ու կենսունակությունը: Արուս Ոփյանը (հոգեբան) կարևորեց պարի թերապևտիկ դերը: Ըստ հոգեբանի՝ պարն օգնում է ազատվել կուտակված սթրեսից, հաղթահարել ներքին արգելքները և հասնել հոգեկան ներդաշնակության ու ինքնաճանաչման: Այն մարմնի միջոցով հոգու խոսքն է: Հերիքնազ Բաղդասարյանը (դերասանուհի) պարը դիտարկեց որպես բեմական արվեստի անբաժանելի մաս և կերպարի կերտման հզոր գործիք: Նա ընդգծեց, որ մարմնի լեզուն երբեմն շատ ավելի խոսուն ու անկեղծ է, քան բառերը: «Գրադարանն այսօր դարձել է մի բաց հարթակ, որտեղ միահյուսվում են արվեստի տարբեր ճյուղերն ու գիտությունը: Պարի միջազգային օրվան նվիրված այս միջոցառումը ևս մեկ ապացույց է, որ գիրքն ու շարժումը, միտքն ու մարմնի լեզուն կարող են ստեղծել կատարյալ ներդաշնակություն՝ նպաստելով մեր համայնքի մշակութային զարթոնքին», _ նշեց Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը։ Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ արվեստը չունի սահմաններ, իսկ պարն այն համընդհանուր լեզուն է, որը միավորում է բոլորին` անկախ մասնագիտությունից և տարիքից: Շնորհավո՛ր Պարի միջազգային օրը:
