Սթիվեն Քինգ «Միզերի»

«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոսը՝ Փոլ Շելդոնը, ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից եւ տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլեւ բանտապահն ու խոշտանգողը։

Քինգը գրել է․ «Իմ ստեղծած բոլոր կերպարներից, որոնք հայտնի են ընթերցողներին, Էննի Ուիլքսն իմ ամենասիրելին է։ Նա մշտապես ինձ զարմացնում էր, միշտ իրեն դրսեւորում էր անկանխատեսելի, հենց դրանով էլ նա իմ աչքին ընկավ։ Նրանում կա ավելի խորություն, եւ ես չէի պատկերացնում, որ նրան կմոտենամ խղճահարությամբ»։ Էննին դարձավ ավելի ազդեցիկ դեմք, քան ինքն իրեն պատկերացնում էր հեղինակը։ Լինելով կին, նրբորեն կապվելով «աքլորային սերնդին»` նա առանց ավելորդ վարանելության կարողացավ կոտրել իր սիրած գրողի ոտքը։ Ստեղծագործության վերջում կարելի է նրանից ոչ միայն վախենալ, այլ նաեւ խղճալ:

Էննին վեպում ներկայացվում է որպես հսկայական, անդուր եւ ճարպակալմամբ տառապող կին։ Այդ մահացու միտումները նրա մոտ առաջ են եկել դեռեւս պատանեկան տարիքից։ Նա սպանել է այն երեխաներին, որոնց վստահված էր հետեւել, ավելի ուշ սպանել է հորը, նույն սենյակում բնակվող հարեւանուհուն եւ հիվանդանոցում եղած տասնյակ հիվանդների։ Լինելով մոլեռանդ ընթերցասեր` իր խելագար պատկերացումներում նա իրեն համարում է Շելդոնի սիրուհին, ուսուցիչն ու մուսան։ Անտագոնիստուհու սանձարձակ նախընտրությունները ողջամտության հավասարակշռության սահմանից վերածվում են մահացու ցասման։

Վեպում հեղինակին հաջողվեց արտասովոր ուժով պատկերել Էննիի խելագարությունը եւ գերու տառապանքները։

Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «տառապանք», հեղինակի խոստովանությամբ նկարագրում է հենց իր՝ Քինգի հոգեվիճակը, ով այդ պահին տառապում էր թմրամոլությամբ եւ հարբեցողությամբ։