ԿԱՆՈՆՆԵՐ

ԿԱՆՈՆՆԵՐ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Առողջ և անվտանգ միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գրադարանների և թանգարաններիի տնօրենությունները։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում գրադարաններն ու թանգարաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները:


1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ..

1) Մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները կազմակերպել հեռավար կամ բացօթյա տարածքներում, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝
ա. աշխատանքային հանդիպումները՝ առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ.
բ. միջոցառումները՝ առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ:
2) Ե՛վ փակ, և՛ բաց տարածքներում միջոցառումների և հանդիպումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ապահովել մասնակիցների ու ներկաների միջև 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
3) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. 65 և բարձր տարիքի անձինք,
բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
4) Ռիսկային խմբի անձանց աշխատանքի ներգրավելու պարագայում նրանց աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ քանակի առավելագույն պաշտպանվածություն ապահովող` N 95 բժշկական դիմակով:
5) Կազմակերպությունն ապահովվում է դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով:
6) Անձնակազմն աշխատանքային օրվա ընթացքում ապահովվում է անհրաժեշտ քանակի դիմակներով՝ 3-4 ժամը մեկ դրանք փոխելու հաշվարկով:
7) Անհրաժեշտ է ապահովել անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության Նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկում, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

2. Տարածքի կազմակերպումը և ախտահանումը.

1) Աշխատանքային տարածքը կազմակերպել այնպես, որ ապահովվի աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
2) Ընդհանուր մուտքի, բոլոր սրահների և ցուցասրահների մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին սենքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:
3) Անհրաժեշտ է առանձնացնել տարածք/սենյակ, որտեղ մեկուսացվում են կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներ ունեցող աշխատակիցները` մինչև նրանց տուն կամ հիվանդանոց տեղափոխելը: Այդ տարածքները չօգտագործել այլ նպատակների տարանցիկ տեղաշարժի համար:
4) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
5) Պետք է ապահովել տարածքի բնական օդափոխություն երկու ժամը մեկ:
6) Մինչև աշխատանքային օրվա սկիզբն անհրաժեշտ է ապահովել տարածքի համալիր ախտահանում՝ տարածքի դռների բռնակներ, սեղաններ, ձեռքով հաճախակի հպման մակերեսներ (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, վերելակներ և այլն), սանհանգույցներ, հպման մակերեսներ՝ քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան: Հերթափոխային աշխատանքի դեպքում ախտահանման գործընթաց իրականացվում է նաև հերթափոխի ավարտին:
7) Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:

3. Անձնակազմի համար կանոններ.

1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական 1 անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ) աշխատանքի ներկայանալիս՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:
2) Բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:
3) Օրվա ընթացքում հայտնաբերվելու դեպքում անհրաժեշտ է աշխատողին մեկուսացնել դրա համար նախատեսված վայրում` պահպանելով առողջ անձանցից ոչ պակաս, քան 2 մետր հեռավորություն:
4) Աշխատողները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:

4. Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:
2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:
3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:
5) Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
6) Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ:
7) Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր: