Արմեն Նիազյան «Խավարից այն կողմ»

«Վարագույրները փակ են. կարելի է անկեղծանալ ինքներս մեզ հետ, դարձյալ լսել արդեն ծերացող հարցն ու փորձել պատասխաններ գտնել կամ, գուցե, արդարացումնե՞ր… Ու մի անտես ձեռք խունացած ու կիսաքանդ պատին սկսում է խզբզել հազարամյակների այդ հարցը`ո՞ւր ես, ադա՛մ»:
Այս հարցը շարունակ կհնչի ընթերցողի ականջին ու կմղի առանձնանալ իր ներաշխարհում, տալ հարցեր ու փնտրել պատասխաններ, այս հարցը կմղի ընթերցողին նայել խավարից այն կողմ ու փնտրել լուսավոր կետեր, այս հարցը կմղի ընթերցողին կանգ առնել ու վերադասավորել սկզբունքներ ու արժեքներ, այս հարցը վստահաբար կխոսի ընթերցողի հետ գիրքն ընթերցելիս:
2020 թվականի գարնանը, երբ բնությունն ապրում էր իր յուրատեսակ զարթոնքը, իսկ մարդիկ տներում փակված կռիվ էին տալիս աշխարհը պատուհասած համաճարակի դեմ, ծնվեց Արմեն Նիազյանի երկրորդ գիրքը՝ «Խավարից այն կողմ» վերնագրով:
Գրքում ընթերցողը կհանդիպի մանկատանը մեծացած երկու ընկերոջ, ովքեր իրենց օրվա ապրուստը վաստակում են խուլիգանությամբ, կհանդիպի աստվածապաշտ քահանայի, ում կյանքի պատմությունը լի է փորձություններով ու դրամատիկ իրադարձություններով, կհանդիպի մի օրիորդի, ով հիվանդանոցի պատերից այն կողմ պայքարում է արևի ճառագայթները կրկին վայելելու համար և ուզում է ապրել: