Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Մայիսի 28-ին համայն հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում տոնում է Առաջին Հանրապետության օրը:
Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:


Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:
Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991-ին բերեցին նոր անկախության ու նոր հաղթանակների:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության օրվա առթիվ։
Մաղթում ենք, որ բոլորս սիրենք ու փայփայենք մեր պետությունը, պետականությունը, մեր նախնիներից մեզ փոխանցված ավանդները, հոգևոր ու մշակութային արժեքները, հայի դիմագիծը:
Աստված պահապան մեր ժողովրդին: