ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 1

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է: Այս տոնը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման: 1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր:


1889 թվականի հուլիսին Փարիզի կոնգրեսը, ի նշան աջակցության ԱՄՆ և Կանադայի աշխատավորների ցույցերին, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել: Աշխատավորների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և որոշ այլ երկրներում:Երկար ժամանակ մայիսի 1-ը մնում էր հեղափոխության, դասային անհաշտ պայքարի խորհրդանիշ: Այժմ Մայիսի 1-ին աշխարհի 140 և ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնը: Ինչպես ցանկացած տոն այն ևս ունի իր խորհուրդը. տարվա մեջ մեկ օր նվիրել աշխատավորների իրավունքերի, պահանջների ներկայացմանը և հանդիսավոր կերպով մեծարել ու կարևորել աշխատավոր ժողովրդին և նրանց կատարած աշխատանքը:
Թերևս զուր չեն ասում՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Դե ինչ, շնորհավոր մայիսի 1, շնորհավոր Աշխատավորների միջազգային օր: