Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմի դիտում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմի դիտում եւ քննարկում: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 80-ականների կեսերին հայկական լեռնային մի գյուղում և ընդամենը մեկ օր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի զոհերի հիշատակի օրը։ Ֆիլմի հերոսները կոտորածից հրաշքով փրկվածներն ու նրանց սերունդներն են, ովքեր հիշում են ազգային պատմության դասերը և փոխանցում իրենց երեխաներին ու թոռներին: Միջոցառումը կազմակերպվել էր համանուն պատմվածքի եւ ֆիլմի սցենարի հեղինակ, արձակագիր Ռուբեն Հովսեփյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Ներկա էին գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ: Ֆիլմի ավարտից հետո գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը խոսեց «Ապրիլ» ֆիլմի եւ համանուն պատմվածքի մասին: Քննարկման ընթացքում ուշադրություն դարձվեց ֆիլմում արծարծված հարցերի արդիականությանը: