Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող Շուշան Սարյանի «Խավար լույսից առաջ» վեպի քննարկումը: Ներկա էին գրողներ, թարգմանիչներ, ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրվող անձինք: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Նա շնորհավորեց հեղինակին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ վեպն ունի և՛ արժանիքներ, և՛ որոշակի թերություններ: Վերջիններիս առկայությունը բնական է, քանի որ սա հեղինակի ստեղծագործական առաջին լուրջ փորձն է: Պետք է փաստել նաև այն, որ Շուշան Սարյանը՝ իբրև սկսնակ արձակագիր, կարողացել է ստեղծել այնպիսի գեղարվեստական իրականություն, որ առաջին էջերից կլանում է ընթերցողին: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը փաստեց, որ հեղինակն ունի վառ երևակայություն, որ չափազանց կարևոր է արձակագրի և ընդհանրապես ստեղծագործողի համար: Ժամանակների միջով ճամփորդելու հնարին վաղուց են դիմել արվեստագետները: Ի պատիվ Շուշան Սարյանի՝ այս վեպում նորովի է կիրառվել այդ հնարը:
Անցյալ-ներկա հանդիպադրումներն ընթերցողին տանում են նոր հորիզոններ: Վեպի որոշ հատվածներում նկատելի են աններդաշնություններ, բայց դրանք շտկելի թերություններ են: Կարեն Մանուչարյանն անդրադարձավ պատումի մեթոդներին: Խոսելով հայեցակետերի կենտրոնացման եղանակների մասին՝ նա նկատեց, որ վեպի գերակշիռ մասը պատմում է Նռանեն, իսկ մի քանի հատված՝ հեղինակը: Նա առաջարկեց կամ ողջ պատմությունը կառուցել հեղինակի տեսանկյունից, կամ Նռանեի հետ մեկտեղ «ձայն տալ» նաև այլ կերպարների: Կարեն Մանուչարյանը հանգամանալից անդրադարձ կատարեց նաև դեպի ապագա ճանապարհորդության հնարին: Նա նկատեց, որ ապագայի քաղաքն այս վեպում կրում է նաև անցյալի հետքերը: Քաղաքի անունն Էրեբունի է: Շինությունները հիշեցնում են հին Երևանը: Սա արդյունք է ժամանակի ոչ թե հորիզոնական, այլ շրջանաձև ընկալման: Այսինքն՝ պատմությունը պարբերաբար կրկնվում է, հեռավոր ապագան ինչ-որ չափով նաև անցյալի կրկնությունն է: Անցյալը երբեմն վերադառնում է: Հեղինակի բացատրություններն ապացուցեցին Կարեն Մանուչարյանի ենթադրության ճշմարտությունը: Նա նշեց, որ ապագայի քաղաքը ներկայացնելիս կիրառել է նաև աստվածաշնչյան ինտերտեքստեր: Դա արտահայտել է հատկապես քաղաքը շրջապատող թաղանթի, խնձոր ուտելուց հետո առաջացած փոփոխությունների, չարի և բարու հակադրության միջոցով: Գրքի խմբագիր, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն, արձակագիր, թարգմանիչ Վիլյամ Պողոսյանն անդրադարձավ գրքի «ժանրակազմին»: Նա նշեց, որ «Խավար լույսից առաջ»-ը հաջողությամբ համադրում է մի քանի ժանրեր: Այս հանգամանքը լիովին ներդաշն է արդի գրական միտումներին: Խոսելով «ինչ»-ի և «ինչպես»-ի (բովանդակության և ձևի) հարաբերության մասին՝ Վիլյամ Պողոսյանը փաստեց, որ հեղինակը հաջողել է «ինչ»-ի ոլորտում: Բայց «ինչպես»-ը քննելիս նկատվում են որոշ թերություններ: Խոսքը հատկապես վեպի լեզվի մասին է: Առանձին էջերում նկատվում են արհեստական կառույցներ, ոչ տեղին կիրառված բառեր, օտարաբան արտահայտություններ: Կարեն Մանուչարյանը հավելեց, որ դետեկտիվային պայմանաձևը կիրառված է հաջողությամբ, բայց որոշ էջերում կոտրվում է անսպասելիության էֆեկտը: Գրքի մասին կարծիք հայտնեց նաև գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը: Նա նշեց, որ վեպն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, ընթերցողին պահում է լարման և սպասման մեջ: Միջոցառման ավարտին Շուշան Սարյանը շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսներին և բոլոր հյուրերին քննարկմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, վեպի արժանիքները մատնանշելու և կառուցողական դիտողություններ անելու համար:
