Կինը գրականության մեջ

Մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ կանանց միամսյակին նվիրված «Կինը գրականության մեջ» շարքի հերթական հանդիպումը: Այս անգամ գրադարանի հյուրն արձակագիր, բանաստեղծ Նարինե Կռոյանն էր: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը: Նա շնորհավորեց Նարինե Կռոյանին կանանց միամսյակի կապակցությամբ, մաղթեց ստեղծագործական նորանոր հաջողություններ: Հետաքրքիր ու բովանդակալից հարցուպատասխանի արդյունքում արծարծվեցին բավականին կարևոր հարցեր՝ նվիրված գրական երկի արարման գործընթացին, կին և տղամարդ գրողների ստեղծագործական ընդհանրություններին ու տարբերություններին, գրականություն-ժամանակ առնչություններին: Ռաֆ Բարաթյանն ընդգծեց այն փաստը, որ Նարինե Կռոյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, և հարց հղեց, թե արդյո՞ք չեն խանգարում միմյանց գրականությունն ու տնտեսագիտությունը: Նարինե Կռոյանը պատասխանեց, որ դրանք այնքան էլ հեռու չեն իրարից, որովհետև երկուսի հիմքում էլ մաթեմատիկան է (իհարկե, տարբեր ձևերով և չափերով):

Մաթեմատիկան գիտություն է ներդաշնակության մասին, իսկ վերջինս կարևոր է երկուսի համար էլ: Ներդաշնակության հակադրությունը քաոսն է: Եթե ինչ-որ բան դուրս է մնում համակարգից, ապա և՛ գրականության, և՛ տնտեսագիտության մեջ առաջանում են աններդաշնություններ: Կարճ ասած՝ մաթեմատիկան պահպանում է գրական երկի ներդաշնությունը: Հաջորդ հարցը հետևյալն էր. «Եթե կինն իր գույնը բերած չլիներ գրականություն, ինչպիսի՞ն կլիներ գրականությունը»: Նարինե Կռոյանը նշեց, որ գրականության մեջ սեռային տարբերակումներ չի դնում: Երբեմն խոսվում է որոշակի տարբերությունների մասին, բայց դրանք ավելի շատ կարծրատիպային են: Ուժը ոչ թե մկանների, այլ ներքին զսպանակների մեջ է: Վերջիններս չեն ենթարկվում սեռային տարբերակման: «Կանանցից քչերն են խիզախում բաժակ բաժակի զարկել արձակի հետ: Դուք անկաշկանդ քայլում եք արձակի բոլոր դաշտերով»,-նկատեց Ռաֆ Բարաթյանը: Նարինե Կռոյանը փաստեց, որ արձակը տղամարդկանց մենաշնորհը չէ: Այս հարցում ևս սեռային տարբերակման անհրաժեշտություն չկա: Գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը հավելեց, որ տղամարդ արձակիրը, կախված գեղարվեստական իրականության բնույթից և պատումի հայեցակետից, երբեմն կարող է գրել կնոջ «դիրքերից»: Կին արձագիրն էլ, նույն հանգամանքներով պայմանավորված, կարող է իրականությունը ներկայացնել տղամարդու «գունապնակով»: Հատկապես մեր ժամանակների արձակն ավելի քան բազմադեմ է: Եվ արձակագիրն էլ երբեմն անհրաժեշտաբար դիմում է անգամ «սեռային բազմադիմության»: «Որտե՞ղ է սկսվում և ավարտվում կնոջ աշխարհը գրականության մեջ»,- հարց հղեց Ռաֆ Բարաթյանը: «Ընթերցողն է որոշում, թե երբ է սկսվում: Կինն էլ որոշում է, թե երբ է ավարտվում»,-պատասխանեց Նարինե Կռոյանը: Հաջորդիվ քննարկվեց գրականության ոլորտում գրողի բնօրրանի նշանակությունը: Նարինե Կռոյանը նշեց, որ բնօրրանը մեր արմատն է, և առանց արմատի բույս չի լինում: Նա հավելեց, որ շատ է կարևորում բնօրրանը և այն պարբերաբար արտացոլում է գրական երկերում: Ռաֆ Բարաթյանը մեջբերեց հետևյալ հատվածը Նարինե Կռոյանի հարցազրույցներից մեկից. «Այս պատմությունները («Միաչքանի հրեշտակը», «Տերևաթափը» պատմվածքները-Կ. Մ.), որոնք ես գրել եմ, հատուկ նպատակ են ունեցել: Մեր ժողովուրդը վերածվել է սպառողական հոգեբանությամբ հասարակության, սկսեցինք հեշտությամբ և արագ մոռանալ ցավը: Դա կարող է լինել ինքնապաշտպանության բնազդ. նրանք չեն ուզում հիշել: Բայց ես ուզում եմ, որ նրանք հիշեն, ես հիշեցնելու ու ցավեցնելու եմ»: Այնուհետև հնչեց հարցը. «Ինչպե՞ս է Նարինե Կռոյանը գրականությամբ ընթերցողին փրկում հոգևոր աղքատությունից»: Արձակագիրը փաստեց, որ ժամանակակից մարդը շատ արագ է դեգրադացվում: Դրանից խուսափելու ճանապարհը բարձր արվեստին հաղորդակից լինելն է: Մարդուն մարդ են պահում նաև ուրիշի ցավն զգալու և ուրախությունը կիսելու ունակությունները: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արգելված գրականությանը: Արձակագիրը նշեց, որ գրականության մեջ առհասարակ չի ընդունում արգելքները: Գրողը, անկախ սեռից, պետք է անկեղծ լինի թղթի առաջ: «Ես ինտելեկտուալ հավասարության կողմնակիցն եմ»,-խոսքն ամփոփեց նա: Նարինե Կռոյանն անդրադարձավ նաև իր «Արյուն» պատմվածքի ստեղծման պատմությանը: Այն 2014-ի օգոստոսյան մարտերի անմիջական արձագանքն է: Այս պատմվածքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրա ստեղծագործությունը միշտ արձագանքում է ժամանակակից հայ մարդուն հուզող հարցերին: Միջոցառման ավարտին Նարինե Կռոյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով: