Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկում

Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գրքի քննարկումը Լոռու մարզային գրադարանում Մարտի 18-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ հայազգի ամերիկյան արձակագիր, դրամատուրգ Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսների ժողովածուի քննարկումը: Գրքի թարգմանիչն արձակագիր, դրամատուրգ, միջազգային մրցանակների դափնեկիր, սարոյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլֆիք Զոհրաբյանն է: Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը: Նա շնորհավորեց թարգմանչին և բոլոր սարոյանասերներին գրքի լույսընծայման կապակցությամբ, նշեց, որ Էլֆիք Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքը՝ հնարավորինս պահպանելով սարոյանական ոճը: «Ոստրեն ու մարգարիտը» ժողովածուի պիեսները կարդացվում են մեկ շնչով: Չնայած փոքր ծավալին՝ նրանք գաղափարական տեսանկյունից բավականին ընդգրկուն են:

Կարեն Մանուչարյանն ընթերցեց գրքի խմբագիր, կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի կարծիքը Էլֆիք Զոհրաբյան թարգմանչի և դրամատուրգի մասին: ՀԳՄ Լոռու բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն անդրադարձավ Էլֆիք Զոհրաբյանի գրական և թարգմանական գործունեությանը, խոսեց նաև վերջերս լույս տեսած «Փետրվարի 30-ը» հեքիաթների ժողովածուի մասին: Ուիլյամ Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» գիրքը ներկայացնելիս Մ. Միկոյանն անդրադարձավ նաև Է. Զոհրաբյանի գրականագիտական գործունեությանը: Թարգմանիչն իր ատենախոսության մեջ խորքային վերլուծությունների է ենթարկել այս պիեսները: Վանաձորի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը խոսեց Սարոյանի՝ իբրև մեծ մարդասերի կենսափիլիսոփայության մասին: Նա նշեց, որ այս ժողովածուում ընդգրկված երկերի մեծամասնությունը փորձարարական բնույթի է: Գեղարվեստական արժանիքների առումով կարելի է առանձնացնել «Ոստրեն ու մարգարիտը» պիեսը, որ հույսի գրականության դրսևորում է: «Էլֆիք Զոհրաբյանը գրի աշխատավոր է»,-նշեց Վալերի Փիլոյանը և հակիրճ անդրադարձ կատարեց թարգմանչի բազմաոլորտ գործունեությանը: Նա մաղթեց, որ հետագայում Է. Զոհրաբյանը թարգմանչի ներուժը կիրառի միայն գեղարվեստորեն բարձրարժեք և մնայուն երկեր թարգմանելու գործում: Կարեն Մանուչարյանը նշեց, որ այս ժողոովածուի պիեսների մեծամասնությունը թարգմանվել և «Բան ունեմ ասելու» գրքով հրատարակվել է դեռևս 2012 թվականին: Այդ գիրքն առանձնահատուկ է նրանով, որ ընդգրկում է նաև Էլֆիք Զոհրաբյանի գրականագիտական վերլուծությունները: Դրանցում նա դրսևորել է նուրբ դիտողականություն և մեթոդական հետևողականություն, շոշափել է պիեսների՝ առաջին հայացքից անտեսանելի շերտերը: Էլֆիք Զոհրաբյանի մեկնաբանությունների շնորհիվ ընթերցողի համար ամբողջանում են Սարոյան դրամատուրգի գրական նախասիրությունները, կերպարակերտման հմտությունները, այլաբանական պատկերների նշանակությունները: Վանաձորի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանն ասաց, որ այս պիեսների թարգմանությանը ծանոթ է եղել նախքան գրքի տպագրությունը: Նա նույնպես փաստեց, որ Էլֆիք Զոհրաբյանը բարեխիղճ թարգմանիչ է: Գրականագետն անդրադարձավ նաև սարոյանական ոճի առանձնահատկություններին և հարց հղեց թարգմանչին. «Պատահե՞լ է, որ բնագրի երկար տեքստը համարեք ձգձգված և թարգմանելիս կիրառեք ավելի հակիրճ համարժեքները»: Էլֆիք Զոհրաբյանը պատասխանեց, որ անգամ այդ դեպքերում գերադասում է հավատարիմ մնալ հեղինակին, չի դիմում կամայական կրճատումների, եթե անգամ տեքստը ձգձգված է: Հեղինե Հալիվորյանը նույնպես հարց հղեց թարգմանչին. «Պատահե՞լ է, որ թարգմանելիս դժվարությամբ գտնեք բնագրի որևէ դարձվածքի, արտահայտության հայերեն համարժեքը»: Էլֆիք Զոհրաբյանը պատասխանեց, որ այդպիսի դժվարությունների բախվում են բոլոր թարգմանիչները: Դա անխուսափելի է, քանի որ տարբեր լեզուների դարձվածաբանական հնարավորությունները տարբեր են: Ինքն այդ դեպքերում խորհրդակցում է ավագ թարգմանիչների հետ: Այդ խորհրդակցությունների, երբեմն նաև կառուցողական բանավեճերի արդյունքում կարողանում է գտնել բնագրի դժվար թարգմանվող արտահայտության հայերեն ճիշտ համարժեքը: Կարեն Մանուչարյանը խոսեց «Ամերիկացի մեծն ապուշը» թատերախաղի մասին՝ փաստելով, որ այն ձևակառուցվածքային հատկանիշներով տարբերվում է ժողովածուի մյուս պիեսներից: Ընդհանրապես Սարոյանի դրամատուրգիան գերազանցապես «խոսքային» է. երբեմն պակասում է գործողությունը: «Ամերիկացի մեծն ապուշը», ի տարբերություն Սարոյանի շատ այլ պիեսների, գերհագեցած է գործողություններով: Հետաքրքիր է հատկապես Ապուշի և Հիմարի հակադրությունը: Ապուշը ներկայացնում է աշխարհը փոխելու ոչ սովորական ցանկությունը, իսկ Հիմարը սովորականի և առօրեականի արտահայտությունն է: Կարեն Մանուչարյանը բարձր գնահատեց այս պիեսի՝ Էլֆիք Զոհրաբյանի գրականագիտական վերլուծությունը. «Մանրամասն մեկնաբանության են ենթարկվել պիեսի բոլոր կերպարները և գործողությունները: Գրականագիտական նուրբ դիտողականությամբ Զոհրաբյանը բացել է բոլոր այլաբանական պատկերների նշանակությունը»: Տողերիս հեղինակը թարգմանչին խնդրեց ներկայացնել կոնֆլիկտի կառուցման սարոյանական առանձնահատկությունները: Էլֆիք Զոհրաբյանը նշեց, որ Սարոյան դրամատուրգի մոտ կոնֆլիկտը շատ հաճախ թույլ է արտահայտված: Դա դրսևորվում է խոսքային մակարդակում, մինչդեռ պիեսի բեմականությանը նպաստող կարևոր գործոններից են վառ արտահայտված կոնֆլիկտը և ակտիվ գործողությունները: Սարոյանի շատ պիեսներ գրված են ոչ թե բեմադրելու, այլ ընթերցելու համար: «Ոստրեն ու մարգարիտը» գրքի մասին կարծիք հայտնեց նաև Վանաձորի պետական համալսարանի և ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիայի շրջանավարտ Միլենա Աթիկյանը: Նա որոշակի հարազատություն նկատեց այս պիեսների և Էլֆիք Զոհրաբյանի դրամատուրգիայի միջև: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև դրվագներ 2012-ին լույս տեսած «Բան ունեմ ասելու» գրքի շնորհանդեսից: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սարգիս Ավետիսյանը և ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիայի շրջանավարտ Սարգիս Ալեքյանը խաղացին մի դրվագ «Ոստրեն ու մարգարիտը» ներկայացումից (ռեժիսոր՝ Արեն Օսիպյան): Միջոցառման ավարտին Էլֆիք Զոհրաբյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց Լոռու մարզային գրադարանի տնօրինությանը, օրվա բանախոսներին, բոլոր հյուրերին՝ այս գեղեցիկ հանդիպումը կազմակերպելու համար: Նա նշեց, որ ԱՄՆ Սթենֆորթ համալսարանը և «Սարոյան» հիմնադրամն իրեն հատկացրել են Սարոյանի անտիպ պիեսներից: Դրանք նորովի են բացահայտում Սարոյան գրողին: Ընդհանրապես լավատեսությամբ հայտնի հեղինակն այդ պիեսներում դրսևորվում է զարմանալի հոռետեսությամբ՝ մոտենալով աբսուրդի փիլիսոփայությանը: Միջոցառման մասնակիցները հույս հայտնեցին, որ մոտ ապագայում Էլֆիք Զոհրաբյանը կթարգմանի այդ պիեսները, և հայ ընթերցողը հնարավորություն կստանա ընթերցելու դրանք: