Հունվարի 29-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Աստծո կանչը» գրքի շնորհանդեսը։ Ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, մտավորականներ, դասախոսներ, գրադարանի ընթերցողներ։
Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, որի հայրական օրհնությամբ է թարգմանվել և տպագրվել «Աստծո կանչը», կարևորեց գրքի հոգևոր նշանակությունը, խոսեց գլխավոր ուղերձների մասին։
Հայ Առաքելական Եկեղեցու «Եկեղեցասիրաց» եղբայրակցության անդամ Լևոն Ավագյանը կարևորեց այս գրքի հայերեն թարգմանվելու փաստը, խոսեց այն հոգևոր հզոր ուժի մասին, որ փոխանցում է «Աստծո կանչը»։
Պատմաբան, հասարակագետ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վարդգես Քեշիշյանը խոսեց մերօրյա կյանքի աղետալի իրադարձությունների մասին։ Նա հատկապես այս դժվար ժամանկներում կարևորեց հավատի դերը։ Հենց հավատի բացակայությունը և Աստծուց հեռացումն են պառակտում ազգը և պատճառ դառնում դժբախտությունների։ Հավատն ունի միավորող նշանակություն։ Այս գիրքը մարդու մեջ արթնացնում է հավատն առ Աստված, ստիպում է մտածել հոգևոր արժեքների մասին, որոնք առաջնային են մեր ժամանակներում։
Գրքի թարգանիչ, ՀՍԻԿ-ի նախագահ, իրավապաշտպան Գևորգ Մանուկյանը խոսեց գրքի ստեղծման պատմության, թարգմանության գաղափարի հղացման, թարգմանական աշխատանքի ընթացքի մասին։ Նա նույնպես ներկայացրեց գրքի հոգևոր բարձր նշանակությունը, խոսեց հեղինակների մասին, որոնք գերադասել են մնալ անանուն։ Գևորգ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, միջոցառման բոլոր մասնակիցներին և Լոռու մարզային գրադարանի տնօրինությանն ու աշխատակազմին այս գեղեցիկ և բովանդկալից միջոցառման կազմակերպմանը մասնակցություն ցուցաբերելու համար։