Լոռու մարզային գրադարանի աշխատակիցների այցը Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ այցելեցին Օձունի եկեղեցի, որտեղ հանդիպեցին Տեր Վրթանես քահանայի հետ։ Վերջինս ներկայացրեց եկեղեցու ստեղծման նախապատմությունը, խոսեց եկեղեցու պատերին պահպանված զարդաքանդակների խորհրդի մասին։ Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։

5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։
Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է: Գրադարանի աշխատակիցների խնդրանքով Տեր Վրթանես քահանան հնչեցրեց Տերունական աղոթքը` մեր հայրենիքի խաղաղության և ապահովության համար։